Ռուբինյան. Կոստանյանի այցն Անկարա հայ–թուրքական կարգավորման շրջանակում էր

Ռուբինյան. Կոստանյանի այցն Անկարա հայ–թուրքական կարգավորման շրջանակում էր

PanARMENIAN.Net - ԱԺ փոխխոսնակ, Թուրքիայի հետ կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը, խորհրդարանում պատասխանելով լրագրողների հարցերին, ասել է, որ Հայաստանի ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանի այցն Անկարա իրականացվել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում։

Նրա խոսքով, երկխոսությունը Թուրքիայի հետ ընթանում է ոչ միայն հատուկ բանագնացների միջև, հայտնում է «Ազատությունը»։

«Գիտեք, ոչ միայն ես եմ շփվում Թուրքիայի հատուկ ներկայացուցչի հետ, այլև ԱԳՆ մակարդակում կան շփումներ, տարբեր նախարարների մակարդակում», - ասել է ԱԺ փոխխոսնակը։

Նա նշել է, որ Կոստանյանը նախօրեին Անկարայում հանդիպել է Թուրքիայի փոխարտգործնախարար Բերիս Էքինջիի հետ՝ քննարկելով երկկողմ օրակարգային հարցեր և տարածաշրջանային խնդիրներ։ Սակայն Ռուբինյանը չի ներկայացրել հանդիպման այլ մանրամասներ։

Ռուբինյանն ավելացրել է, որ ներկայում իր և Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդեր Քըլըչի միջև հանդիպման հստակ օրը դեռ չի սահմանվել։ Նա հիշեցրել է, որ վերջին անգամ բանակցողներն առերես հանդիպել են ապրիլին՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում։

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնարավոր այցին Թուրքիա՝ Ռուբինյանը կոչ է արել սպասել միայն կառավարության պաշտոնական հաղորդագրությանը՝ նշելով, որ այցերի մասին տեղեկությունը տարածվում է միայն համապատասխան կառույցների կողմից։

«Վարչապետի օտարերկրյա այցերը հերքում կամ հաստատում է կառավարությունը, սա էլ այդ դեպքն է, ավելացնելու բան չունեմ»,–ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։

Նա հավելել է, որ հնարավոր այցի պաշտոնական հաստատման դեպքում կառավարությունն անպայման կտեղեկացնի հանրությանը։

Ավելի վաղ, Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չէր բացառել Նիկոլ Փաշինյանի՝ առաջիկայում Թուրքիա մեկնելու հավանականությունը՝ հանդիպելու նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այդուհանդերձ, պաշտոնյան չէր հստակեցրել հանդիպման հնարավոր օրակարգը։

Հունիսի 5-ին ՀՓաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Զրույցի ընթացքում նրանք քննարկել են երկկողմ հարաբերությունների ընթացքը և տարածաշրջանային զարգացումները՝ համաձայնեցնելով շարունակել երկխոսությունը։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա 2023 թվականի հունիսին՝ մասնակցելու Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը։

 Ուշագրավ
---