ԿԲ. Մայիսին 12-ամսյա գնաճը Հայաստանում արագացել է

ԿԲ. Մայիսին 12-ամսյա գնաճը Հայաստանում արագացել է

PanARMENIAN.Net - Կենտրոնական բանկի տվյալներով՝ 2025 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում արձանագրվել է 12-ամսյա գնաճի արագացում, որը մայիսին կազմել է 4.3%։ Այս մասին նշված է ԿԲ խորհրդի հրապարակած զեկույցում։

Նշվում է, որ բնականոն գնաճը նույնպես աճել է՝ հասնելով 2.8 տոկոսի։ Բանկը գնահատել է, որ 2025 թվականի երկրորդ եռամսյակում պահանջարկի հետագա թուլացումը թե՛ գլոբալ մակարդակով, թե՛ Հայաստանի հիմնական առևտրային գործընկեր երկրներում ուղեկցվել է հատկապես ԱՄՆ-ում գնաճի նոր աճի ռիսկերով, հայտնում է Panorama.am-ը։

Հունիսի 17-ին կայացած նիստի ընթացքում ԿԲ խորհուրդը որոշել է պահպանել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 6.75% մակարդակով՝ հաշվի առնելով ներկա տնտեսական պայմանները։

«Միջազգային առևտրային հարաբերությունների լարվածությամբ, աշխարհաքաղաքական հակամարտությունների, հատկապես Մերձավոր Արևելքում իրավիճակի կտրուկ սրմամբ պայմանավորված՝ առաջարկի և մատակարարման շղթաների հնարավոր խաթարման ռիսկերն էապես աճել են»,-ասվում է ԿԲ խորհրդի որոշման մեջ։

Բանկը մատնանշել է նաև ԱՄՆ-ում հարկաբյուջետային քաղաքականության խթանման հնարավոր հետևանքները՝ ներառյալ պետական պարտքի մեծացումը, տոկոսադրույքների երկարաժամկետ բարձրացումը, ինչպես նաև գործընկեր երկրներում աշխատաշուկայի դեռևս պահպանվող խստության պայմանները, որոնք, ըստ զեկույցի, շարունակել են բարձրացնել գնաճային միջավայրը։

Ըստ զեկույցի՝ ՀՀ-ում տնտեսական ակտիվության տեմպերն այս եռամսյակում դանդաղել են, ինչը պայմանավորված է որոշ կարճաժամկետ, ոչ կառուցվածքային աճի գործոնների աստիճանական թուլացմամբ։ Այդուհանդերձ, շինարարության և ծառայությունների ոլորտները շարունակել են զգալի ներդրում ունենալ տնտեսական աճում։ Միևնույն ժամանակ, բանկը արձանագրել է բարձր անորոշություն՝ կապված տնտեսական աճի կայունության, երկարաժամկետ հեռանկարների և ներքին պահանջարկի զարգացման հետ։

Բանկը մատնանշել է, որ ծառայությունների նկատմամբ արտաքին պահանջարկը շարունակում է նվազել։

«Ընդհանուր պահանջարկի ազդեցությունը գնաճի վրա գնահատվում է չեզոք, իսկ գնաճի ընթացիկ արագացումը առավելապես պայմանավորված է առաջարկի որոշ գործոններով: Նման իրավիճակում աշխատաշուկայի պայմանները որոշակիորեն թուլացել են՝ արտահայտվելով աշխատավարձերի, կոշտ գներով բնութագրվող ծառայությունների գնաճի և գնաճային սպասումների աստիճանական կայունացմամբ»,-ասվում է զեկույցում։

Նշվում է, որ հարկաբյուջետային քաղաքականության կողմից միջնաժամկետ հորիզոնում առկա են առավելապես գնաճային ռիսկեր, իսկ մակրոտնտեսական ընթացիկ զարգացումների պայմաններում, ՀՀ ֆինանսական շուկայի մասնակիցներն ընդհանուր առմամբ ակնկալում են, որ ՀՀ կենտրոնական բանկն առաջիկա միջնաժամկետ հորիզոնում աստիճանաբար կնվազեցնի քաղաքականության տոկոսադրույքը՝ սահմանելով 6.25% մակարդակի շուրջ: Քննարկված ռիսկերի և բարձր անորոշության պայմաններում, հաշվի առնելով գների կայունության նպատակի ապահովման իր հանձնառությունը, Խորհուրդը դիտարկել է քաղաքականության մի շարք սցենարներ։

Խորհուրդը վերլուծել է Ա տիպի սցենարներ, որոնք, կապված լինելով ինչպես աշխարհաքաղաքական իրավիճակի, այնպես էլ ԱՄՆ-ի ու ՀՀ-ի հարկաբյուջետային քաղաքականությունների հնարավոր զարգացումների հետ, ենթադրում են չեզոք տոկոսադրույքի աճ՝ շուկայի ակնկալիքների համեմատ ավելի բարձր տոկոսադրույքի քաղաքական ուղու կիրառմամբ՝ գնաճի վերահսկման և գների կայունության պահպանման նպատակով։

Բացի այդ, քննարկվել են նաև Բ տիպի սցենարներ, ըստ որոնց՝ արտաքին պահանջարկի շարունակական նվազման պայմաններում որոշ ոլորտներում կարող է դիտարկվել տնտեսական աճի անհամաչափ դանդաղում։ Այս սցենարները ենթադրում են քաղաքականության տոկոսադրույքի ավելի արագ և խոր նվազեցման հնարավոր ճանապարհ՝ միջնաժամկետ հորիզոնում պահանջարկը խթանելու և գնաճը նպատակային մակարդակի շուրջ կայունացնելու համար։

Վերլուծելով բոլոր հնարավոր ռիսկերն ու դրանց մակրոտնտեսական հետևանքները՝ ԿԲ խորհուրդը, ելնելով Ա տիպի ռիսկերի գերակշռությունից, որոշել է այս փուլում վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ։

«Խորհուրդը կշարունակի մշտադիտարկել տնտեսության զարգացման սցենարները և պատրաստ է ձեռնարկել համարժեք գործողություններ՝ միջնաժամկետ հորիզոնում գնաճի 3% նպատակի և գների կայունության ապահովման համար: Հաստատված է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի կողմից»,-ասվում է ԿԲ խորհրդի որոշման մեջ։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---