Թրամփ․ Ոչ ոք չգիտի, թե ինչ եմ անելու![]() 19 հունիսի 2025 - 12:03 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է հայտնել, թե արդյոք մտադիր է ռազմական հարված հասցնել Իրանին: «Հնարավոր է՝ անեմ, հնարավոր է՝ չանեմ. Ոչ ոք չգիտի, թե ես ինչ եմ անելու»,–ասել է Թրամփը՝ նշելով, որ Իրանը դեռ հնարավորություն ունի հրաժարվելու միջուկային ծրագրից՝ չնայած իսրայելական հարվածներին, գրում է BBC-ն։ Թրամփը նշել է, որ Իրանը նույնիսկ առաջարկել է պատվիրակություն ուղարկել Սպիտակ տուն՝ միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ վարելու նպատակով՝ ի պատասխան Իսրայելի օդային հարձակումների։ Նա ասել է. «Նրանք առաջարկել են գալ Սպիտակ տուն։ Դա, գիտեք, խիզախ է, բայց դա՝ գիտե՞ք, հեշտ բան չէ նրանց համար։ Ես ասել եմ՝ հիմա շատ ուշ է խոսելու համար։ Կարող է՝ հանդիպենք։ Մեկ շաբաթ առաջ ու հիմա մեծ տարբերություն կա, ճիշտ է՞։ Մեծ տարբերություն»,–ասել է նա, գրում է Times of Israel-ը։ Թրամփը հիասթափություն է հայտնել դիվանագիտական գործընթացից՝ ասելով. «Ես կշտացել եմ» բանակցություններից»։ Բայց միաժամանակ նշել է, որ Իրանը դեռ կարող է համաձայնագիր կնքել։ Նրա պահանջն այժմ «անհապաղ ու անբեկանելի հանձնվելն» է։ Ավելի ուշ Թրամփը ասել է, որ Իրանը «մի քանի շաբաթ հեռու էր» միջուկային զենք ստանալուց մինչև Իսրայելի հարվածները։ Նա ընդգծել է, որ նպատակը ոչ թե ժամանակավոր դադարեցում է, այլ վճռական հաղթանակ։ «Ես չեմ ցանկանում պատերազմել, բայց եթե ընտրությունը պատերազմելու և միջուկային զենք ունենալու միջև է, պետք է անես՝ ինչ անհրաժեշտ է։ Հնարավոր է՝ չպատերազմենք։ Հնարավոր է՝ ամեն ինչ շատ արագ ավարտվի»,–ասել է նա։ Թրամփը վերահաստատել է իր դիրքորոշումը՝ ասելով, որ ԱՄՆ-ն չի ձգտում «հրադադարի», այլ «լիակատար և վերջնական հաղթանակի»։ «Գիտե՞ք՝ որն է հաղթանակը։ Միջուկային զենք չլինելն է»,– շեշտել է նա։ Երբ նրան հարցրել են՝ արդյոք կարող է Իրանի ռեժիմը փլուզվել, Թրամփը պատասխանել է. «Իհարկե, ամեն ինչ կարող է պատահել, չէ՞։ Մենք ունենք պլան ամեն ինչի համար», — ասել է նա՝ նշելով, որ մի ժամից կհանդիպի իր խորհրդականների հետ։ Թրամփը ափսոսանք է հայտնել, որ Իրանը չի համաձայնել միջուկային համաձայնագրի մինչև 60-օրյա վերջնաժամկետի ավարտը։ Իսրայելի առաջին հարվածները սկսվել են այդ ժամկետի ավարտից մեկ օր անց։ Հարցին, թե ինչու նա փոխեց իր դիրքորոշումը՝ բանակցություններից անցնելով ռազմական հարվածի հավանականությանը, Թրամփը նշել է Իսրայելի առաջին հարվածների արդյունքները։ «Առաջին գիշերը ավերիչ էր, և դա իսկապես խափանեց մյուս կողմին», — ասել է նա։ Թրամփը նշել է, որ դիվանագիտության հնարավորությունը դեռ չի սպառվել՝ ավելացնելով․ «Ոչինչ ուշ չէ։ Ոչինչ ավարտված չէ՝ մինչ ավարտվի»։ Նա նաև ասել է․ «Հաջորդ շաբաթը շատ կարևոր է լինելու՝ գուցե նույնիսկ քիչ՝ քան շաբաթ»։ Երբ նրան հարցրել են Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի մերժման մասին, Թրամփը պատասխանել է. «Ասում եմ՝ հաջողություն»։ ՄԱԿ-ում Իրանի առաքելությունը հայտարարել է, որ Թրամփի պնդումները՝ իբր Թեհրանը ցանկացել է ուղարկել պատվիրակություն Սպիտակ տուն, «կեղծիք» են։ «Ոչ մի իրանցի պաշտոնյա երբեք չի խնդրել խոնարհվել Սպիտակ տան դռան մոտ: Նրա ստերից ավելի սարսափելի է միայն իր վախկոտ սպառնալիքը՝ ոչնչացնել Իրանի Գերագույն առաջնորդին»,-ասվում է հայտարարության մեջ։ «Իրանը չի բանակցում ճնշման տակ, չի ընդունում խաղաղություն ճնշման տակ և, իհարկե, ոչ մի ռազմական հանցագործի հետ, ով փորձում է մնալ ուշադրության կենտրոնում», — հավելել է առաքելությունը։ Խամենեին, իր պաշտոնական X էջում, գրել է․ «Այն փաստը, որ սիոնիստական ռեժիմի ամերիկացի ընկերներն են միջամտել ու նման բաներ են ասում, հենց այդ ռեժիմի թուլության ու անկարողության նշանն է»։ Ավելի վաղ՝ իր հեռուստաելույթում, որը նրա առաջին հրապարակային հայտարարությունն էր Իսրայելի հարձակումից ի վեր, 86-ամյա հոգևոր առաջնորդը զգուշացրել է, որ ԱՄՆ-ի ցանկացած հարված Իրանի դեմ «անուղղելի վնաս կհասցնի նրանց» և Իրանը չի ենթարկվելու Թրամփի պահանջներին։ Միաժամանակ, Իրանի ԱԳՆ-ն հրավիրել է Շվեյցարիայի դեսպանին՝ ով ներկայացնում է ԱՄՆ շահերը Իրանում, Թրամփի «անպատասխանատու և սպառնալիքներով լի» հայտարարությունների պատճառով։ Թեև Թեհրանը ժխտում է, որ ձգտում է միջուկային զենք ունենալ, նրա հարստացման մակարդակները գերազանցում են քաղաքացիական նպատակները։ Իսրայելը պնդում է, որ վերջերս տեսել է հստակ նշաններ, որ Թեհրանը փորձում է միջուկային զենք ստեղծել։ Թրամփը, ով 2018-ին չեղարկել էր նախորդ համաձայնագիրը, նախընտրել էր դիվանագիտական ուղին, սակայն Իսրայելի հարվածներից հետո նա ավելի է մերձեցել Երուսաղեմին և այժմ դիտարկում է ռազմական ներգրավվածությունը։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Թրամփին․ «Մենք շարունակ կապի մեջ ենք, այդ թվում՝ անցած գիշեր․ շատ ջերմ զրույց ունեցանք», — ասել է նա իր ամենօրյա տեսաուղերձում։ Թրամփի ավելի կոշտ հռետորաբանությունը հաջորդել է իր ուղերձին, որով նա կոչ է արել Թեհրանի 9.5 միլիոն բնակչությանը՝ տարհանվել քաղաքից։ Նա կրճատել է իր այցը Կանադայում անցկացվող միջազգային գագաթնաժողովին՝ վերադառնալով Վաշինգտոն՝ շտապ խորհրդակցությունների համար։ Միևնույն ժամանակ, Թրամփը ծաղրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը՝ հանդես գալ որպես միջնորդ Իսրայելի և Իրանի միջև։ Թրամփը պատմել է, որ ասել է Պուտինին՝ կենտրոնանալ Ուկրաինայի հարցի վրա։ Իսրայելը հունիսի 13–ին սկսել է օդային հարձակումների արշավ Իրանի դեմ՝ նպատակ ունենալով ոչնչացնել միջուկային և հրթիռային ծրագրերի օբյեկտները՝ դրանք բնութագրելով որպես անմիջական սպառնալիք։ Ի պատասխան, Իրանը մահացու հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի քաղաքացիական և ռազմական թիրախներին։ Միացյալ Նահանգները մինչ այժմ մասնակցել է հակամարտությանը միայն անուղղակի՝ օգնելով խոցել Իսրայելի ուղղությամբ արձակված հրթիռները։ Սակայն Վաշինգտոնը սկսել է ուժեղացնել իր ռազմական ներկայությունը տարածաշրջանում, և նախագահ Դոնալդ Թրամփը, ըստ հաղորդագրությունների, դիտարկում է ուղղակի ներգրավվածությունը։ Photo. Getty Images ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |