Իրանի և Իսրայելի միջև հակամարտության ֆոնին Իրանից Հայաստան եկող քաղաքացիների շարժը կառավարելի է։ Այդ մասին հայտնել է Մեղրիի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը:
«Երեք օր է՝ Իրանից շարժ կա դեպի Հայաստան, բայց իրավիճակը կառավարելի է։ Ես անձամբ ներկա եմ գտնվել մաքսատանը, զրուցել եմ բնակիչների և տեղափոխվող մարդկանց հետ։ Մաքսատունը նորմալ աշխատում է, խցանումներ չկան, ամեն ինչ ընթանում է բնական հունով։ Բեռնատարները, տուրիստական խմբերը շարժվում են իրենց հերթականությամբ»,- նշել է Անդրեասյանը, հայտնում է Արմենպրեսը։
Նա ընդգծել է, որ վերջին օրերին Մեղրիի և Ագարակի հյուրանոցներում հաճախելիությունը աճել է, սակայն դա պայմանավորված է ոչ թե Իրանից ժամանած անձանց, այլ զբոսաշրջիկների ակտիվությամբ, ովքեր եկել են Երևանից, Ռուսաստանից և եվրոպական մի շարք երկրներից։
«Հյուրանոցներում որոշ օրեր հնարավոր է տեղ չլինի, բայց դա պայմանավորված է զբոսաշրջային ակտիվությամբ։ Իրանից եկած քաղաքացիների դիմումներ մեզ դեռ չեն եղել, բայց եթե դիմեն՝ կլինեն նրանք Իրանի քաղաքացիներ, թե իրանահայեր, մենք պատրաստ ենք աջակցել»,- հավելել է համայնքապետը։
Անդրեասյանը նաև տեղեկացրել է, որ հանդիպել է տաքսու վարորդների հետ և հորդորել նրանց չօգտվել իրավիճակից՝ գների անհիմն բարձրացում թույլ չտալու նպատակով։
Հունիսի լույս 13–ի գիշերը Իսրայելը սկսել է Իրանի դեմ ռազմական գործողություն՝ մեղադրելով վերջինիս գաղտնի ռազմական միջուկային ծրագրի իրականացման մեջ, որը, ըստ Թել Ավիվի, մոտեցել է «անդառնալիության կետին»։ Հարվածների թիրախ են դարձել միջուկային օբյեկտները, բարձրաստիճան գեներալները, հայտնի միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության համակարգերն ու «երկիր-երկիր» հրթիռները։ Իրանն, իր հերթին, հերքել է իր միջուկային ծրագրում ռազմական բաղադրիչների առկայությունը և պատասխանում է հրթիռային հարվածներով ու հարվածային անօդաչուների կիրառմամբ։ Թեհրանում նշում են, որ հարվածները հասցվում են Իսրայելի ռազմական ու ռազմարդյունաբերական օբյեկտներին։
Իսրայելը և Իրանը շարունակաբար փոխադարձ հարվածներ են հասցնում՝ օրական մի քանի անգամ։ Թել Ավիվը խոստանում է շարունակել արշավը մինչև Իրանի միջուկային ծրագրի ամբողջական ոչնչացումը, մինչդեռ Թեհրանը սպառնում է շարունակել հրթիռակոծությունները, քանի դեռ Իսրայելը չի դադարեցրել ռմբահարումները։։