Բաղդասարյան․ Թուրքիայում Փաշինյանի և Ալիևի հանդիպում նախատեսված չէ

Բաղդասարյան․ Թուրքիայում Փաշինյանի և Ալիևի հանդիպում նախատեսված չէ

PanARMENIAN.Net - Թուրքիայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպում նախատեսված չէ։ Այդ մասին հայտնել է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, տեղեկացնում է Aysor.am-ը։

«Հանդիպում նախատեսված չէ»,-ասել է Բաղդասարյանը։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանն իր հերթին ասել է, որ Փաշինյան–Ալիև հանդիպում նախատեսված չէ, սակայն «հաճախ որոշում է կայացվում տեղում»:

«Ես տեղեկություն չունեմ: Նախատեսված չէ: Բայց գիտե՞ք՝ միջազգային հանդիպումները ոնց են լինում, շատ հաճախ որոշում է կայացվում տեղում: Դրանում որևէ տարօրինակ բան չեմ տեսնի: Կարծում եմ՝ այցը շատ կարևոր է: Եթե չեմ սխալվում, ապա առաջին երկկողմ այցն է անկախացումից հետո: Հատկապես այս եռացող տարածաշրջանում, կարծում եմ, Թուրքիայի հետ պետք է խոսել, հասկանալ միմյանց»,- ասել է նա, հայտնում է 1lurer.am-ը։

Պատասխանելով հարցին, թե ի՞նչ օրակարգով կարող է անցնել հնարավոր եռակողմ հանդիպումը՝ Եղոյանը նշել է, որ նման դեպքում պետք է օրակարգում լինի Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հարցը։

«Այս պահի օրակարգը Հայաստան-Թուրքիա հարաբերություններն են, որի շուրջ արդեն քանի տարի է՝ մեր բանագնացներն են բանակցում: Այդ օրակարգն արդեն բարձրացել է բարձրագույն քաղաքական մակարդակ»,- ասել է նա։

Ավելի վաղ հաղորդվել է, որ Թուրքիայի նախագահի հրավերով Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին աշխատանքային այցով մեկնելու է Թուրքիա։ Ըստ վարչապետի՝ այցի օրակարգի վերաբերյալ տարածվելու է համատեղ հայտարարություն։

Ալիևը Թուրքիա է մեկնելու հունիսի 19–ին։

 Ուշագրավ
---