Իրանի նախկին արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը X հարթակում գրառմամբ ընդգծել է, որ Իրանը կլինի այն երկիրը, որը վերջ կդնի պատերազմին։
Նա շեշտել է Իրանի ունակությունը հետ մղելու ցանկացած հարձակվողի՝ նշելով. «Իրանցիները հետ կմղեն ցանկացած հարձակվողի, ուր մնաց մի ցեղասպան վախկոտի, ով գաղափար չունի, թե ինչ է սկսել»:
Զարիֆը նշել է, որ վերջին երեք դարերում Իրանը երբեք չի հարձակվել այլ երկրի վրա, սակայն մշտապես ցուցաբերել է բացառիկ կարողություն ինքնապաշտպանության հարցում, գրում է Mehrnews-ը։
Նա նաև ընդգծել է երկրի մտավոր և ազգային ներուժի արժեքը. «Շենքերը կարող են ոչնչացվել, բայց գիտելիքը երբեք չի կարող ոչնչացվել՝ հատկապես իննսուն միլիոն հայրենասեր և նվիրված մարդկային ներուժի պայմաններում»:
Զարիֆը եզրափակել է՝ շեշտելով, որ թեև Իրանը չի սկսել այս պատերազմը, այնուամենայնիվ այն ավարտելու որոշումը լինելու է հենց Իրանի ձեռքում
«Իրանը չի սկսել այս պատերազմը, բայց միանշանակ նա է որոշելու, թե ինչպես այն կավարտվի»,–նշել է նա։
Իրանը մեղադրել է Միջազգային ատոմային էներգիայի գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիին՝ իսրայելական հարվածներին չարձագանքելու մեջ և հայտարարել է նրա դեմ իրավական քայլեր ձեռնարկելու մտադրության մասին:
Խիստ ձևակերպված նամակում Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին դատապարտել է «հանցագործ սիոնիստական ռեժիմի կրկնվող վայրագ հարձակումները» Իրանի միջուկային ենթակառուցվածքների վրա, գրում է Tehran Times-ը։
Նա նշել է, որ հարվածներն իրականացվել են «չնայած ձեզ ուղղված բազմակի նախազգուշացումներին՝ հատկապես ՄԱԳԱՏԷ–ի Գործադիր խորհրդի անգործության վերաբերյալ, որը, ցավոք, գործում է երեք եվրոպական երկրների, ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի ուղորդմամբ, ազդեցությամբ և աջակցությամբ»:
Նամակում, որը հղում է կատարում նախորդ նամակագրությանը և հատկապես 2025թ. հունիսի 13-ին ուղարկված գրությանը, ներկայացված է իսրայելական ագրեսիայի ծավալը՝ ընդգծելով Արաքի ծանր ջրի ռեակտորի դեմ իրականացված հարձակումը։
Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Լարիջանին հայտարարել է. «Պատերազմից հետո մենք պատասխանատվության կենթարկենք ՄԱԳԱՏԷ–ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիին»:
Իրանի պաշտոնյաները մերժել են Գրոսիի CNN-ին արված վերջին հայտարարությունը՝ «Մենք չենք հայտնաբերել Իրանում տարրեր, որոնք վկայում են միջուկային զենքի կառուցման ակտիվ, համակարգված պլանի առկայության մասին», այն որակելով որպես ուշացած և անբավարար:
Նրանք պնդել են, որ ՄԱԳԱՏԷ-ի քաղաքականացված դիրքորոշումը և Գործադիր խորհրդի ընկալվող կողմնակալությունը՝ հօգուտ Արևմուտքի և Իսրայելի, նպաստել են հարձակումների իրականացմանը՝ Գրոսիին դարձնելով տեղի ունեցած զոհերի պատասխանատուներից մեկը։
Էսլամին իր նամակում նշել է նաև, որ Իսրայելը հարվածներ է հասցրել Նաթանզի, Ֆորդոյի, ինչպես նաև Իսֆահանի վառելիքի արտադրական գործարանին (UCF), կրկին հարձակվել է Արաքի ծանր ջրի ռեակտորի և հարակից համալիրի վրա՝ չնայած դրանք ՄԱԳԱՏԷ–ի վերահսկողության տակ են:
Էսլամին պահանջել է, որ Գրոսին «անմիջապես դադարեցնի այդ անգործությունը, դատապարտի սիոնիստական ռեժիմի կողմից իրականացվող միջազգային իրավական նորմերին հակասող գործողությունները և կատարի իր կանոնադրական պարտականությունները»:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պարզաբանել է, որ Իսրայելը չի ձգտում Իրանում ռեժիմի փոփոխության՝ ընդգծելով, որ այդ գործընթացը իրանցիների գործն է և Իսրայելի քաղաքականության հայտարարված նպատակ չէ։
«Ռեժիմի փոփոխության կամ այս ռեժիմի անկման հարցը նախ և առաջ իրանական ժողովրդի խնդիրն է։ Ահա թե ինչու ես դա չեմ ներկայացրել որպես նպատակ։ Դա կարող է լինել հետևանք, բայց դա հստակ կամ պաշտոնական նպատակ չէ, որ մենք ունենանք»,-ասել է նա, հայտնում է News18-ը։
Նեթանյահուի այս հայտարարությունները հնչել են այն բանից հետո, երբ Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը սրվել է՝ ներառելով հրթիռային հարձակումներ և իսրայելական օդային հարվածներ Իրանի ռազմական օբյեկտների վրա։ Վարչապետը շեշտել է, որ թեև նման զարգացում հնարավոր է, այն Իսրայելի կողմից հատուկ չի հետապնդվում։
Իրանը հերքել է Իսրայելի պնդումը՝հիվանդանոցին հարվածելու վերաբերյալ։
«Իրանն կտրականապես մերժում է սիոնիստների հիվանդանոցի թիրախավորման մասին կեղծ պնդումը», – ասված է հայտարարությունում, գրում է Mehr-ը։
Իրանի առաքելությունը նշել է, որ երկրի բոլոր ինքնապաշտպանական գործողությունները ճիշտ են, ամբողջությամբ համապատասխան են միջազգային իրավունքին և ուղղված են բացառապես այն օբյեկտներին, որոնք անմիջական մասնակցություն են ունեցել կամ աջակցել են ապօրինի ագրեսիային։
Հայտարարությունում ընդգծվել է, որ ի տարբերություն իսրայելական ծայրահեղականների՝ Իրանը հավատարիմ է միջազգային մարդասիրական իրավունքին և չի թիրախավորում քաղաքացիական բնակչությանը կամ ենթակառուցվածքները։
Իսրայելը և Իրանը շարունակաբար փոխադարձ հարվածներ են հասցնում՝ օրական մի քանի անգամ։ Թել Ավիվը խոստանում է շարունակել արշավը մինչև Իրանի միջուկային ծրագրի ամբողջական ոչնչացումը, մինչդեռ Թեհրանը սպառնում է շարունակել հրթիռակոծությունները, քանի դեռ Իսրայելը չի դադարեցրել ռմբահարումները։։