Հովհաննիսյանը` Կարապետյանի կալանավորման և Բաքվի կողմից նրա հետախուզման միջև կապի մասին․ Տխմարություն

Հովհաննիսյանը` Կարապետյանի կալանավորման և Բաքվի կողմից նրա հետախուզման միջև կապի մասին․ Տխմարություն

PanARMENIAN.Net - Ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ գրել են, որ գործարար Սամվել Կարապետյանին ՀՀ իշխանությունները կարող են հանձնել Ադրբեջանին՝ «խաղաղության դիմաց»՝ հաշվի առնելով, որ Սամվել Կարապետյանին Ադրբեջանը հետախուզում է, ինչպես և Ռուբեն Վարդանյանին, որն այս պահին Բաքվի բանտում է, հայտնում է «Փաստինֆոն»։

ԱԺ–ի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը նման վերլուծությունը որակել է որպես «տխմարություն»։

ՔՊ–ական պատգամավորներն անպատասխան են թողել լրագրողների հարցը` գործարար Սամվել Կարապետյանի կալանավորման և Ադրբեջանի կողմից նրա նկատմամբ հայտարարված հետախուզման ամսաթվերի տարօրինակ կերպով համընկնելու մասին։

Հովհաննիսյանն ասել է․ «Բացարձակ տխմարություն է այս վերլուծությունը։ Որևէ արձագանք սրան չի էլ կարող հնչել», հայտնում է Sputnik Արմենիան։

Նույն խմբակցության պատգամավոր, ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն էլ ավելացրել է, որ «կոնսպիրոլոգիաներին» երբեք չի հավատացել։

Սամվել Կարապետյանի ձերբակալության ամսաթվի վրա առաջինը ուշադրություն էր դարձրել ադրբեջանական մամուլը` հիշեցնելով, որ 2021 թվականի հունիսի 18-ին Ադրբեջանը հետախուզում էր հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, իսկ 2025 թվականի նույն օրը` հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը կալանավորվել է Հայաստանում։

Ավելի ուշ այդ զուգադիպության մասին գրառումներ սկսեցին անել նաև կալանավորված գործարարի հարազատներն ու աջակիցները։

 Ուշագրավ
---