Փաշինյանը Ստամբուլում ասել է, որ մտադիր է Էրդողանին հրավիրել Երևան՝ ԵՔՀ գագաթնաժողովին

Փաշինյանը Ստամբուլում ասել է, որ մտադիր է Էրդողանին հրավիրել Երևան՝ ԵՔՀ գագաթնաժողովին

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստամբուլում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է, որ ցանկանում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Փայիփ Էրդողանին հրավիրել Երևան՝ մասնակցելու 2026 թվականի մայիսին կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Այդ մասին հայտնել է Թուրքիայում լույս տեսնող «Ակօս» թերթը:

Խոսելով Թուրքիա կատարած իր այցի և Էրդողանի հետ սպասվող հանդիպման մասին, ինչպես փոխանցում է պոլսահայ լրատվամիջոցը, Փաշինյանը ընդգծել է, որ «կարևոր է նման հանդիպում անցկացնել միջազգային զարգացումների առկայության դեպքում, և ասել, որ այս շրջանակներում կա նոր հարաբերություններ զարգացնելու հնարավորություն», հայտնում է «Ազատությունը»։

«Փաշինյանն ասել է, որ երբ սկսվել է Թուրքիայի հետ կարգավորման գործընթացը, հարց է առաջացել՝ կհաջողվի՞, ապա ասել է՝ խնդիրները պետք է ճիշտ սահմանվեն։ Մենք քայլ ենք արել ճանապարհի վրա, խնդիրները լուծելու ամենակարևոր ճանապարհը դիմացինին լսելն ու հաջողությանը հավատալն է», -ասվում է հրապարակման մեջ։

Հունիսի 20–ին Ստամբուլում կայացած Փաշինյան–Էրդողան հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ընթացքը, ընդգծել կառուցողական երկխոսության շարունակականության և կոնկրետ արդյունքների հասնելու կարևորությունը։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային իրադարձություններին և այդ համատեքստում երկկողմ համագործակցության հնարավոր ուղղություններին։

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է Հայաստանի հավատարմությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման գործընթացին և շեշտել հարևանների հետ հարաբերությունների կարգավորման քաղաքականության շարունակականության իր հանձնառությունը։

 Ուշագրավ
---