Ռավանչի․ Իրանը շարունակում է ուրանի հարստացումը խաղաղ նպատակներով

Ռավանչի․ Իրանը շարունակում է ուրանի հարստացումը խաղաղ նպատակներով

PanARMENIAN.Net - Իրանի ԱԳ փոխնախարար Մաջիդ Թախտ Ռավանչին հայտարարել է, որ Թեհրանը շարունակում է ուրանի հարստացումը խաղաղ նպատակներով՝ հավատարիմ մնալով Միջուկային զենքի չտարածման պայմանագրով ստանձնած պարտավորություններին։ Նա ընդգծել է, որ այլ պետությունները իրավասու չեն սահմանափակելու Իրանի գործողություններn այս ոլորտում։

«Մենք Դաշնագրի բարեխիղճ մասնակից ենք։ Այդ հիմքով էլ մենք իրականացնում ենք ուրանի հարստացում խաղաղ նպատակներով՝ ի շահ մեր երկրի։ Ոչ ոք չի կարող ասել մեզ՝ ինչ անել, քանի դեռ մենք հետևում ենք մեր պայմանագրային պարտավորություններին», -ասել է նա գերմանական ARD հեռուստաալիքի եթերում, գրում է ՏԱՍՍ–ը։

Ռավանչին հրաժարվել է մեկնաբանել Իրանի միջուկային ծրագրի վիճակը հունիսի լույս 22-ի գիշեն ԱՄՆ-ի օդուժի հարվածներից հետո։ Նա, սակայն, այդ գործողությունները բնութագրել է որպես «ակնհայտ ագրեսիայի ակտ»։ Դիվանագետը նշել է, որ Թեհրանը «ագրեսիայի զոհ» է և ունի իրավունք պատասխանելու ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի համաձայն։ Միևնույն ժամանակ նա չի մեկնաբանել Իրանի կողմից Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաներին հնարավոր հարվածների հարցը։

Բացի այդ, փոխնախարարը քննադատել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի խոսքերը, ով պաշտպանել է Իսրայելի գործողություններն Իրանի դեմ՝ նշելով, որ հրեական պետությունը կատարում է «կեղտոտ աշխատանք» ամբողջ Արևմուտքի փոխարեն։ Ռավանչին կոչ է արել Բեռլինին՝ «կանգնել զոհի, այլ ոչ թե ագրեսորի կողմը»։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ որ արբանյակային պատկերները մատնանշում են, որ հսկայական վնաս է հասցվել Իրանի բոլոր միջուկային օբյեկտներին՝ այդ թվում մեծ խորության վրա։ Նա ընդգծել է, որ անգամ շատ ամրացված կառույցները ոչնչացվել են։ Այդ մասին նա գրել է Truthsocial սոցցանցում։

«Երևացող սպիտակ կառույցը խորը թաղված է ժայռի մեջ, նույնիսկ տանիքն է հողի մակերևույթից շատ ցածր և ամբողջությամբ պաշտպանված կրակից։ Ամենամեծ վնասը հասցվել է ստորգետնյա հատվածին»,–գրել է նա։

Հունիսի լույս 22-ի գիշերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է Իրանում երեք միջուկային օբյեկտների՝ Ֆորդոյում, Նաթանզում և Իսֆահանում իրականացված հաջող հարվածի մասին։ Ավելի ուշ նա հայտարարել է, որ այդ օբյեկտները լիովին ոչնչացվել են և այս գործողությունն անվանել է նշանակալի ռազմական հաջողություն։ Իսրայելը հունիսի 13-ից սկսած ամեն օր օդային հարվածներ է հասցրել Իրանի տարածքին՝ նպատակ ունենալով վերացնել իսլամական հանրապետության հրթիռային և միջուկային ծրագիրը։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---