23 հունիսի 2025 - 13:38 AMT
Գարեգին Բ. Բռնաճնշումներով երբեք երկիր չի կառուցվի

Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին նվիրված պատարագի ավարտից հետո Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն վերջին շաբաթների իրադարձությունները բնորոշել է որպես «իշխանությունների կողմից սանձազերծված հակաեկեղեցական արշավ»՝ ընդգծելով դրա վտանգավոր հետևանքները ազգի և պետության համար։

«Եղել են ժամանակներ, երբ տարբեր ուժեր ձգտել են սահմանափակել մեր եկեղեցու առաքելությունը և ենթարկեցնել իրենց շահերին: Այդ ճանապարհը ցավալիորեն կործանարար բաժանումներ է բերել մեր ազգային կյանքում: Այսօր էլ նման տագնապալի օրեր ենք ապրում: Մեր երկրի բազմաթիվ հիմնախնդիրների առջև միավորման ջանքերի փոխարեն շարունակվում են հասարակությանը պառակտելու ցավալի գործողությունները»,-հայտարարել է Գարեգին Բ-ն, հայտնում է «Ազատությունը»։

Վեհափառ հայրապետն իր խոսքում անդրադարձել է նաև գործարար և բարերար Սամվել Կարապետյանի ձերբակալությանը՝ այն անվանելով անօրինական:

«Ատելությամբ ու թշնամանքով բարիք չի ծնվի, բռնաճնշումներով երբեք երկիր չի կառուցվի, սպառնալիքի ու վախի մթնոլորտում արդարություն ու համերաշխություն չի հաստատվի»,-հայտարարեց Վեհափառը, ընդգծելով՝ «Սուրբ Էջմիածինը հետևողականորեն շարունակելու է պաշտպանել ազգային շահերն ու իրավունքները»:

Կուսակրոնության ուխտը խախտելու՝ իշխանությունների մեղադրանքներին կաթողիկոսը չի անդրադարձել։

Հունիսի 22–ին, պատարագին զուգահեռ, մի խումբ քաղաքացիներ,այդ թվում՝ ընդդիմադիր պատգամավորներ, ի աջակցություն եկեղեցու և Սամվել Կարապետյանի Զվարթնոցի տաճարի մերձակայքից երթով շարժվել են դեպի Մայր տաճար։

Հունիսի 16-21-ը, օրհնությամբ Գարեգին Երկրորդի, Մայր Աթոռում տեղի է ունեցել միաբանական համագումար, որին մասնակցել են Սուրբ Էջմիածնի միաբաններ Հայաստանից և Սփյուռքից, ինչպես և ներկայացուցիչներ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից, Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքություններից, հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։

Համագումարի ընթացքում իր հայրական օրհնությունն ու պատգամն է հղել նաև կաթողիկոսը։ Ներկայիս մարտահրավերներին անդրադառնալով՝ նա իր մտահոգությունն է հայտնել այն մասին, որ Հայաստանի վարչապետը թիրախավորել է թե՛ իրեն, թե՛ Եկեղեցին՝ հավելելով. «ծրագրավորված հարձակումները նպատակ ունեն վարկաբեկել հայ եկեղեցականությանն ու Եկեղեցուն, լռեցնել Եկեղեցու ձայնը և նվազեցնել նրա բարձր վարկն ու հեղինակությունը մեր հասարակության մեջ»։

Կաթողիկոսն իր պատգամում կոչ է արել միաբաններին դրսևորել միասնականություն և մնալ հավատարիմ իրենց ծառայության կոչմանը՝ ամրապնդելով հավատը և համերաշխության ոգին ժողովրդի սրտերում։

Իրենց ողջույնի խոսքերով են հանդես եկել նաև Կ․ Պոլսի, Երուսաղեմի և Մեծի Տանն Կիլիկիո պատրիարքական պատվիրակությունները։ Միաբան հայրերը մասնակցել են Արարատյան շաբաթվա սուրբ պատարագներին, որոնք եզրափակվել են միաբանական ուխտով ու Սուրբ Էջմիածնի տոնակատարությամբ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ «անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանը ազատելու և Կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ»։ Նա հավելել է, որ այս փուլում«պիտի ստեղծենք Համակարգող խումբ, վերը նշված օրակարգի կազմակերպչական հարցերը կարգավորելու համար»։ Ընդ որում, նա հայտարարել է, որ «Համակարգող խմբի առաջին 10 անդամի ընտրության պատասխանատվությունը կվերցնի» իր վրա։