Կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնն այս տարի կանցկացվի Երևանում և Սիսիանում

Կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնն այս տարի կանցկացվի Երևանում և Սիսիանում

PanARMENIAN.Net - Երևանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային 8-րդ փառատոնն այս տարի կանցկացվի հունիսի 26-30-ը՝ Երևանում և Սիսիանում։

Հունիսի 26-ին՝ ժամը 18։00-ին, Հ. Սահյանի անունը կրող Սիսիանի մշակույթի քաղաքային կենտրոնում նախատեսվում է փառատոնի հանդիսավոր բացման արարողությունը։ Բացման ֆիլմը կլինի Կաննի 77-րդ կինոփառատոնի կարճամետրաժ մրցույթում պարգևի արժանացած «Մարդ, ով չէր կարող լռել» ֆիլմը (ռեժիսոր՝ Նեբոյշա Սլիժեպչևիչ, Խորվաթիա)։

Փառատոնը կազմակերպվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է։

Միջոցառման ընթացքում կանցկացվի «Կինոդպրոց առանց սահմանների. Սյունիք» նախաձեռնության ավարտի հանդիսավոր արարողությունը։ Նախաձեռնության միջոցով Սիսիանի պատանիներն ու երիտասարդները ձեռք են բերել կինոյի ստեղծման հմտություններ ու մասնագիտական գիտելիքներ՝ իրենց ավարտական ֆիլմերը ձևավորելով արհեստական բանականության՝ AI-ի գործիքների միջոցով։ Սիսիանում փառատոնի միջոցառումները կշարունակվեն մինչև հունիսի 28-ը։

Հունիսի 29-ին՝ 15։00-ից սկսած, փառատոնը կտեղափոխվի Երևանի կինոգործիչների միություն, իսկ նույն օրը՝ ժամը 20։30-ին, Երևանի մանկական զբոսայգու ամֆիթատրոնում կցուցադրվեն մրցութային ֆիլմերը։ Հունիսի 30-ին, նույն վայրում, տեղի կունենան փառատոնի փակման արարողությունը և մրցանակաբաշխությունը։ Բոլոր միջոցառումներին մուտքը կլինի ազատ։ Դիտողներն առիթ կունենան դիտելու միջազգային հեղինակություն ունեցող փառատոներում մրցանակ ստացած կարճամետրաժ ֆիլմեր։

Փառատոնի շրջանակում նախատեսված են ստեղծագործական հանդիպումներ, կինոդիտում-քննարկումներ, վարպետության դասընթացներ, կլոր սեղաններ, շնորհանդեսներ, փորձի փոխանակման և համագործակցության հնարավորությունների ներկայացում։

Մրցութային ծրագրում ընդգրկված են հետևյալ անվանակարգերը՝ միջազգային մրցույթ՝ խաղարկային կարճամետրաժ ֆիլմերի համար, ազգային ծրագիր՝ ինչպես խաղարկային, այնպես էլ վավերագրական ժանրում, և ուսանողական բաժին՝ խաղարկային և վավերագրական ուսանողական ֆիլմերով։

Այս տարի փառատոնին ներկայացվել է 850-ից ավելի հայտ՝ 90 երկրից։ Ընտրվել է 44 ֆիլմ՝ 23 տարբեր պետություններից, որոնցից 17-ը ընդգրկվել են ազգային, իսկ 27-ը՝ միջազգային մրցութային ծրագրում։

Հայաստան են ժամանելու օտարերկրյա կինոգործիչներ՝ իրենց ստեղծագործությունները ներկայացնելու նպատակով։ Հատուկ հյուրերի կազմում ընդգրկված են պրոդյուսերներ, կինոակադեմիաների, կինոփառատոների և կինոընկերությունների ղեկավարներ։ Այս տարի ևս միջազգային ծրագրում ընդգրկված են հեղինակավոր՝ Բեռլինի, Կաննի, Լոկառնոյի, Սանդենսի, Կառլովի Վարիի, Վենետիկի, Բուսանի, Կրակովի և Տորոնտոյի կինոփառատոներում ցուցադրված և մրցանակակիր ֆիլմեր՝ Ֆրանսիայից, Բրազիլիայից, Իտալիայից, Իսպանիայից, ԻԻՀ-ից, Մալայզիայից ու Մեծ Բրիտանիայից։

Փառատոնի ժյուրիի նախագահն է բեմադրող-օպերատոր ու ռեժիսոր Վահագն Տեր-Հակոբյանը, իսկ ժյուրիի կազմում են նաև կինոքննադատ, մշակութային լրագրող Դիանա Մարտիրոսյանը և կինոռեժիսոր Վահան Գրիգորյանը։

Երևանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային կինոփառատոնը հիմնադրվել է 2018 թվականին՝ ռեժիսոր և պրոդյուսեր Գուժ Թադևոսյանի նախաձեռնությամբ։ Այն FilmFreeway հարթակում դասվում է որպես ոսկե կարգավիճակ ունեցող փառատոն։ Փառատոնի գեղարվեստական ղեկավարը կինոօպերատոր և լուսանկարիչ Սուրեն Թադևոսյանն է, իսկ ծրագրերի ղեկավարը՝ ռեժիսոր և սցենարիստ Արտյոմ Բաղդասարյանը։ Փառատոնի առաքելությունն է բացահայտել երիտասարդ տաղանդներ, նպաստել նրանց մասնագիտական առաջընթացին, խթանել տարբեր երկրներից կինոգործիչների միջև ստեղծագործական համագործակցությունը և աջակցել նոր սերնդի զարգացմանը կինոաշխարհում։

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---