Դամասկոսի հույն եկեղեցում ահաբեկչության հետևանքով հայեր չեն տուժել

Դամասկոսի հույն եկեղեցում ահաբեկչության հետևանքով հայեր չեն տուժել

PanARMENIAN.Net - Հունիսի 22-ին Դամասկոսի հույն ուղղափառ Մար Էլիաս (Ս․ Եղիա) եկեղեցում իրականացված ահաբեկչական հարձակման արդյունքում արձանագրված զոհերի և վիրավորների թվում հայեր չկան: Այդ մասին տեղեկացրել է Հալեպի «Գանձասար» թերթը։

Հալեպի Բերիո թեմի առաջնորդարանը խիստ քննադատության է ենթարկել Մար Էլիաս (Ս․ Եղիա) եկեղեցու վրա կատարված ահաբեկչությունը, որը կիրակնօրյա ժամերգության ընթացքում բազմաթիվ կյանքեր է խլել և տասնյակ քաղաքացիների մարմնական վնասվածքներ պատճառել, հայտնում է Արմենպրեսը։

«Այս նողկալի հարձակումը, որն ուղղված էր հավատացյալների դեմ, կրկին բացահայտում է ահաբեկչության մութ դեմքը, որը չի տարբերում ո՛չ համայնք, ոչ՛ էլ եկեղեցի և ձգտում է ապակայունացնել տարածաշրջանը և խաթարել դարեր շարունակ սիրիացիներին բնորոշող խաղաղ գոյակցության ոգին», - նշվել է հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ ընդգծվել է նաև, որ Բերիո թեմի առաջնորդարանը՝ առաջնորդ Մակար Սրբ․ Արք․ Աշգարյանի գլխավորությամբ, խորին ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին, վիրավորներին մաղթելով շուտափույթ ապաքինում և աղոթք բարձրացնելով առ Աստված՝ Սիրիան ու նրա բնակիչներին բոլոր վտանգներից պաշտպանելու համար։

Սիրիայի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ նախնական հետաքննության տվյալները վկայում են «Իսլամական պետության» ներգրավվածության մասին։ Նախարարության ներկայացուցիչ Նուր ադ-Դին ալ-Բաբան մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ հարձակումը իրականացրել է մահապարտ-ահաբեկիչը, որը ներս է մտել եկեղեցի, կրակ բացել ու այնուհետև պայթեցրել է ինքն իրեն։

Սիրիայի առողջապահության նախարարությունն արձանագրել է, որ հունիսի 22-ին Դամասկոսի Դուեյլաա թաղամասում գտնվող Մար Էլիաս (Ս․ Եղիա) եկեղեցու վրա ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվել է 22 քաղաքացի, վիրավորվել՝ ևս 59-ը։ Հարձակումը տեղի է ունեցել եկեղեցում երեկոյան պատարագի ընթացքում։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---