23 հունիսի 2025 - 15:40 AMT
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը կոչ է արել վերսկսել բանակցություններն Իրանի հետ

Միջազգային ատոմային էներգիայի գործակալության՝ ՄԱԳԱՏԷ–ի, գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հանդես է եկել բանակցությունների վերսկսման օգտին՝ ինչն, ըստ նրա, կերաշխավորի, որ Իրանը չի ստանա միջուկային զենք երկարաժամկետ հեռանկարում։

«Որպեսզի երկարաժամկետ երաշխիք ստանանք, որ Իրանը միջուկային զենք չի ունենա, ինչպես նաև՝ գլոբալ չտարածման ռեժիմի երկարաժամկետ արդյունավետության համար, պետք է վերադառնանք բանակցություններին»,–հայտարարել է Գրոսին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Նա այդ մասին ասել է՝ ելույթ ունենալով ՄԱԳԱՏԷ-ի կառավարման խորհրդի առաջ։

Հունիսի լույս 22-ի գիշերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է Իրանում երեք միջուկային օբյեկտների՝ Ֆորդոյում, Նաթանզում և Իսֆահանում իրականացված հաջող հարվածի մասին։ Ավելի ուշ նա հայտարարել է, որ այդ օբյեկտները լիովին ոչնչացվել են և այս գործողությունն անվանել է նշանակալի ռազմական հաջողություն։ Իսրայելը հունիսի 13-ից սկսած ամեն օր օդային հարվածներ է հասցրել Իրանի տարածքին՝ նպատակ ունենալով վերացնել իսլամական հանրապետության հրթիռային և միջուկային ծրագիրը։