Մարուքյանը Կարապետյանի դեմ գործը որակել է որպես «զուլալ քաղաքական հետապնդում»![]() 23 հունիսի 2025 - 17:49 AMT PanARMENIAN.Net - «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը գործարար Սամվել Կարապետյանի կալանքը իրավական իմաստով ապօրինություն է։ Մարուքյանը գործարարի դեմ կատարվածը որակեց որպես քաղաքական պրոցես, որը «կառավարվում է անձամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից», հայտնում է Sputnik Արմենիան։ «Կարապետյանին մի մեղադրանք է առաջադրվել, որի սանկցիայում կա տուգանք։ Այս դեպքում դատարանը չպետք է կալանավորեր նրան, բայց ինչպես տեսանք, երկու ամսով կալանավորեցին։ Բացի այդ, տվյալ քրեական գործով հիմնավոր կասկածի նվազագույն շեմն անգամ բավարարված չէ Եվրոպական դատարանի կողմից հաստատված նախադեպային իրավունքով։ Այս գործով անգամ վկաներ չկան, որ դատարանն էլ մարդուն կալանքի ենթարկի, որ նա էլ չազդի գործի վրա։ Չի կարող միջդատավարական պրոցեսը պատժի տարրեր ունենալ, այնպես որ այս ընդհանուր պրոցեսը, որ կազմակերպվել է, պարզապես պատիժ է` «զուլալ քաղաքական հետապնդում»,– ասել է նա։ Ըստ Մարուքյանի՝ անմեղ մարդու նկատմամբ քրեական գործ հարուցելը քրեորեն պատժելի արարք է, ուստի այս գործին մասնակից բոլոր անձինք պետք է պատասխանատվություն կրեն օրենքի ուժով։ Նա նաև ընդգծել է, որ Սամվել Կարապետյանի գործով տեղի ունեցածը կապված է Հայ առաքելական եկեղեցու դեմ շարունակվող նպատակային արշավի հետ, որի նպատակն է՝ թուլացնել ազգային արժեքների կրող կարևոր ինստիտուտը։ «Հայ առաքելական եկեղեցին ամենամեծ լոբբիստական մարմինն է ամբողջ աշխարհում։ Ադրբեջանի ու Թուրքիայի շահերից է բխում, որ այդ կառույցը եթե ոչ տարրալուծվի, ապա գոնե թուլացվի»,– ասել է նա։ Մարուքյանը քննադատել է նաև իշխանությունների վարքագիծը, ընդգծելով, որ վարչապետը չի կարող իր վրա վերցնել բարքերի վերահսկողի դերակատարություն և միջամտել քաղաքացիների անձնական ազատություններին։ «Սա արշավ է մի ինստիտուտի դեմ, որն ասում է «Արցախ», որ ասում է պետք է Արցախի ժողովուրդը վերադառնա, ասում է քրիստոնեական ժառանգությունը ոչնչացվում է»,– հավելել է Մարուքյանը։ Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը կալանավորվել է երկու ամսով և տեղափոխվել «Արմավիր» ՔԿՀ` ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալnւն ուղղված հրապարակային կոչի համար։ Դրանից մի քանի ժամ առաջ Կարապետյանը հանդես էր եկել Հայ Առաքելական եկեղեցուն աջակցող հայտարարությամբ․«Ես մեր եկեղեցու, մեր ժողովրդի կողքին եմ: Ինչքան էլ փորձեն սևացնել, ոչ մի էլեկտրական ցանց... թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց էլցանցի վրա էլ: Ամեն ինչ լավ է լինելու, ժողովուրդը մեկ է իր խոսքն ասելու է, իրենք հասկանալու են, որ սխալվեցին»։ Ի պատասխան Փաշինյանը գրել էր․ «Պոռնկաբարո «հոգևորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչո՞ւ են ակտիվացել։ Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ»: Ավելի ուշ նա հավելել է, որ ՀԷՑ–ը պետք է պետականացվի և շատ արագ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |