ԿԿՀ-ն չի քննի Փաշինյանի գրառումներիը հոգևորականների մասին. Զոհրաբյանը կդիմի դատարան

ԿԿՀ-ն չի քննի Փաշինյանի գրառումներիը հոգևորականների մասին. Զոհրաբյանը կդիմի դատարան

PanARMENIAN.Net - Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ ԿԿՀ–ն չի քննի վարչապետի Նիկոլ Փաշինյանի՝ Հայ առաքելական եկեղեցու հոգևորականներին ուղղված գրառումները, բացի մեկից:

Փաստաբան Արա Զոհրաբյանն էր դիմել այդ կառույցին, որ իրավական գնահատական տան վարչապետի տասնյակից ավելի գրառումներին: Հանձնաժողովը, սակայն, հրաժարվել է փաստաբանի դիմումի հիման վրա վարույթ հարուցել: Արա Զոհրաբյանի փոխանցմամբ՝ պատճառաբանել են, թե իրենք իրենց նախաձեռնությամբ են դա արել, հայտնում է «Ազատությունը»։

«Մնացած մեր փաստարկների մասով նշել են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի գործել իր լիազորությունների շրջանակում, հետևաբար որոշ կանոններ, ըստ հանձնաժողովի, խախատված չեն կարող համարվել», - նշել է Զոհրաբյանը:

Եկեղեցականներին ուղղված վարչապետի միայն մեկ՝ «սրբազանի և «քեռակնոջ» գրառման առնչությամբ է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ հարուցել: Մինչդեռ Արա Զոհրաբյանը շարունակում է պնդել՝ կառավարության ղեկավարը մյուս գրառումներում ևս խախտել է թե՛ «Հանրային ծառայության մասին», թե՛ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքների մի շարք հոդվածներ:

«Օրինակ՝ խախտման վերաբերյալ փաստարկներից մեկն այն է, որ Նիկոլ Փաշինյանը միջամտում է եկեղեցու ինքնակառավարման հարցերին, որի իրավունքը չունի: Էս մասով իրենք գտել են, որ նա որպես վարչապետ չի գործել, իր ֆեյսբուքյան էջը, բնականաբար, ասոցացնում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, և մենք նաև տեսել ենք, որ նույն կառավարության նիստերում, Ազգային ժողովի ամբիոնի մոտ նույն հարցերը բարձրացնում է, այն հարցերը, որոնք բարձրացել է նաև իր սոցիալական էջում: Դրա համար նա այդտեղ հանդես է գալիս որպես վարչապետ», - ասել է փաստաբանը:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարն ասել է՝ եթե փաստաբանն իրենց որոշման հետ համաձայն չէ, թող դիմի դատարան: Արա Զոհրաբյանը հենց այդ ճանապարհով էլ գնալու է, այժմ հայցն է պատրաստում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ «անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանը ազատելու և Կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ»։ Նա հավելել է, որ այս փուլում«պիտի ստեղծենք Համակարգող խումբ, վերը նշված օրակարգի կազմակերպչական հարցերը կարգավորելու համար»։ Ընդ որում, նա հայտարարել է, որ «Համակարգող խմբի առաջին 10 անդամի ընտրության պատասխանատվությունը կվերցնի» իր վրա։

 Ուշագրավ
---