Թրամփը հայտարարել է Իրանի և Իսրայելի միջև հրադադարի մասին և հորդորել է չխախտել այն

Թրամփը հայտարարել է Իրանի և Իսրայելի միջև հրադադարի մասին և հորդորել է չխախտել այն

PanARMENIAN.Net - Իրանը հայտարարել է Իսրայելի հետ հրադադարի մասին։ Իրանական Press TV հեռուստաալիքը հաղորդել է, որ հրադադարն Իսրայելի հետ արդեն ուժի մեջ է մտել, այն բանից հետո, երբ Թեհրանի կողմից մի շարք հրթիռային հարվածներ են իրականացվել։

«Հրադադարը սկսվել է»,–նշվում է հաղորդագրության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Իսրայելի Պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) տվյալներով՝ մինչ այդ Իրանը 6 հրթիռ է արձակել Իսրայելի տարածքի ուղղությամբ։ Միաժամանակ, ըստ Press TV-ի՝ Իրանի հարվածները եղել են չորս առանձին ալիքներով։

Kan հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն գիշերային նիստի ժամանակ տեղեկացրել է կառավարությանն այն մասին, որ Թեհրանի հետ հրադադարի վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերվել։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Թեհրանը և Թել Ավիվը համաձայնության են եկել մարտական գործողությունների դադարեցման շուրջ, որը մեկ օր անց պետք է դառնա «12-օրյա պատերազմի պաշտոնական ավարտը»։ Թրամփի խոսքով՝ առաջինը կրակը կդադարեցնի Իրանը, իսկ 12 ժամ անց՝ Թել Ավիվը։

Իր հերթին, Իրանի Արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին նշել է, որ ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ պաշտոնական համաձայնագիր առայժմ չկա։ Սակայն հավելել է, որ եթե Իսրայելը դադարեցնի «ագրեսիան» տեղական ժամանակով ոչ ուշ քան ժամը 04։00-ին, Թեհրանը կդադարեցնի պատասխան հարվածները։

Ավելի ուշ Թրամփը գրել է․ «Հրադադարն ուժի մեջ է մտել։ Մի խախտեք այն»։

Միևնույն ժամանակ, ամերիկյան New York Times պարբերականը հաղորդել է, որ իսրայելական զինված ուժերի անանուն ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ նախագահի հայտարարությունը հրադադարի վերաբերյալ։

Բահրեյնը, Քուվեյթն ու Կատարը վերացրել են թռիչքների սահմանափակումները։ Այդ մասին հայտնել են այդ երկրների ավիացիոն մարմինները։

Իրանը հարձակվել է Կատարում տեղակայված ամերիկյան Ալ-Ուդեյդ ավիաբազայի վրա։ Կատարի պաշտպանության նախարարությունն ընդգծել է, որ էմիրության հակաօդային պաշտպանության համակարգերը հաջողությամբ որսացել են հրթիռները, որոնք արձակվել են դեպի ամերիկյան ռազմաբազան։

Իրանի և Իսրայելի միջև հրադադարի մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից հետո ռազմական գործողությունները շարունակվել են ամբողջ գիշեր՝ մինչև հրադադարի ուժի մեջ մտնելը, գրում է Deutsche Welle-ն։

«Մագեն Դավիդ Ադոմ» ազգային բժշկական ծառայությունը հայտնել է, որ հունիսի 24-ին Իրանի հրթիռակոծության հետևանքով Բեեր Շևա քաղաքում զոհվել է յոթ մարդ, և ավելի քան տասը վիրավորվել են։

Գիշերը օդային տագնապի ազդանշանները հնչել են ամբողջ Իսրայելի տարածքում։ Իրանի պետական Irib հեռուստաալիքը հաղորդել է Իսրայելի ուղղությամբ նոր հրթիռային հարձակման մասին։ Dpa գործակալությունը, հղում կատարելով Իսրայելի զինված ուժերին, հայտնել է, որ իսրայելական ռազմաօդային ուժերը պատասխան հարվածով ոչնչացրել են հրթիռային կայանքներ Իրանի արևմուտքում։ Այս ամենը տեղի է ունեցել մինչև հունիսի 24-ի առավոտյան «ամբողջական հրադադարի» ուժի մեջ մտնելը։

Թրամփն ավելի վաղ հայտարարել էր. «Իսրայելը և Իրանը ամբողջությամբ համաձայնեցրել են ամբողջական և վերջնական հրադադարը (մոտավորապես 6 ժամից, երբ երկու կողմերն ավարտեն իրենց ներկայիս վերջին գործողությունները)»։

Մինչ այդ Իրանի բանակը հարված էր հասցրել Կատարում տեղակայված ԱՄՆ Ալ-Ուդեյդ ռազմաբազային։ Թրամփը այս հարձակումը որակել է որպես «թույլ պատասխան» ԱՄՆ-ի կողմից Իրանում միջուկային օբյեկտների ոչնչացմանը։

Իսրայելը ռազմական գործողություններ է սկսել Իրանի դեմ հունիսի 13-ի գիշերը՝ հարվածելով միջուկային կենտրոններին, ռազմական բազաներին և բանակի անձնակազմին։ Իսրայելը հայտարարել է, որ գործողությունները պայմանավորված են Իրանի կողմից միջուկային զենք ստեղծելու մոտեցմամբ։ Իրանը հերքել է այդ մեղադրանքները և ի պատասխան արձակել հարյուրավոր անօդաչուներ և բալիստիկ հրթիռներ։

Հունիսի 22-ի գիշերը հակամարտությանը միացել է ԱՄՆ-ն։ Ամերիկյան ուժերը հարվածել են Իրանի միջուկային երեք օբյեկտների։ B-2 ռմբակոծիչները Ֆորդոյի գործարանին հասցրել են տասներկու 13.6 տոննա քաշ ունեցող ռումբերով հարվածներ, ևս երկու ռումբ գցվել է Նաթանզի վրա։ Սուզանավերից արձակվել է 30 «Թոմահավկ» հրթիռ Նաթանզում և Իսֆահանում գտնվող թիրախների ուղղությամբ։ Թրամփը հայտարարել է, որ Իրանի ուրան հարստացնող կարևորագույն օբյեկտները ոչնչացվել են։ Իրանը հայտարարել է, որ դրանք նախապես տարհանվել էին։

Photo. Getty Images
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---