ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի ղեկավար․ Կոչ եմ անում իշխանությանը, որ սթափվի և փոխի իր ուղեգիծը

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի ղեկավար․ Կոչ եմ անում իշխանությանը, որ սթափվի և փոխի իր ուղեգիծը

PanARMENIAN.Net - ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը դատապարտել է ՀՀ իշխանությունների «պախարակման արշավը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու և իր սպասավորների հանդեպ»։ Այդ մասին ասվում է նրա հայտարարության մեջ։

Նա նաև չափազանց մտահոգիչ է համարում նաև լայն մաշտաբով սկսված« հարձակումները և հետապնդումները բոլոր նրանց դեմ, որոնք իրացնում են իրենց սահմանադրական և քաղաքացիական իրավունքը», գրում է Aysor.am-ը։

Կարապետյանը նաև կոչ է արել ՀՀ իշխանություններին, որ «սթափվի և փոխի իր ուղեգիծը»։

«Բավական ժամանակ է, որ բոլոր առիթներով նշում եմ մեր ազգի գոյության ամենաճգնաժամային պահերի մասին, երբ թե՛ արտաքին, և թե՛, դժբախտաբար, ներքին սպառնալիքները չափազանց ճնշող են: Հաճախ անդրադարձել եմ մեր ժողովրդի միասնության անառարկելի կարևորության մասին, քանզի միայն այդ ձևով եմ հավատում, որ պիտի կարենանք դիմագրավել մեր առջև ծառացած վտանգները: Եվ իսկապես անհասկանալի, մտահոգիչ է և, նույնիսկ, կասկածելի դրդապատճառներ ունի ՀՀ վարչապետի և իր շրջապատի կողմից վերջին շրջանում շղթայազերծված պախարակման արշավը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու և իր սպասավորների հանդեպ, շատ անգամ նաև վարչապետի համար անվայել և անբարո արտահայտություններով:

Անշուշտ, պոպուլիստական ելույթներով երբ ասում են, թե իրենք դեմ չեն Հայ Եկեղեցուն և կրոնին, այլ միայն կղերականներին են դեմ, հայ ժողովուրդն այդքան միամիտ չէ և հասկանում է, որ իրենց հետապնդումներն այլ են, քանզի Եկեղեցու կառույցը եկեղեցականներն են և հավատացյալները: Հայ Առաքելական Եկեղեցին միշտ եղել է ազգային բնույթ ունեցող եկեղեցի և դարեր շարունակ բացառիկ դերակատարություն է ունեցել մեր ազգային ինքնության, լեզվի ու հավատքի պահպանման գործում: Եվ զարմանալի չէ, որ այսօր, իշխանության կողմից Եկեղեցու հանդեպ հակառակ բոլոր վարկաբեկիչ հայտարարություններին և սպառնալիքներին, Հայ Առաքելական եկեղեցին շարունակում է վայելել Հայաստանի ժողովրդի կողմից ցուցաբերվող հարգանքի ամենաբարձր ցուցանիշները:

Չափազանց մտահոգիչ են նաև լայն մաշտաբով սկսված հարձակումները և հետապնդումները բոլոր նրանց դեմ, որոնք իրացնում են իրենց սահմանադրական և քաղաքացիական իրավունքը, իրենց տեսակետներն ու համոզումներն են արտահայտում իշխանության դեմ կամ պահանջում իշխանափոխություն, որը ժողովրդավարության հիմնական սկզբունքներից մեկն է: Ժողովրդավարություն, որի մասին այդքան հոխորտանքով է խոսում վարչապետը: Անընդունելի և խստորեն դատապարտելի է նաև ձերբակալությունը և կալանավորումը մի անձի, ինչպիսին է իր բարերարությամբ և հայրենասիրական նվիրումով երկրի տնտեսական աճի գործում մեծ ավանդ ունեցած Սամվել Կարապետյանը: Նա ձերբակալվել է, քանզի քննադատում է ներկա վարչախմբին՝ մատնանշելով երկրին սպառնացող մեծ վտանգների մասին:

Շատ երկրներ ջանում են ամեն կերպ իրենց Սփյուռքի զավակներին կապել երկրին, որտեղ իրենք իրենց կարելիությունները կներդնեն, իսկ ՀՀ վարչախումբը հեգնանքով է խոսում այլ երկրի քաղաքացիների մասին, որոնց ներդրումը, սակայն, հայրենիքի բարօրության համար անհամեմատ ավելի մեծ է, քան իրենցը: Հստակացնեմ, որ երբեք չեմ հանդիպել և ճանաչել պրն. Սամվել Կարապետյանին և որևէ հարաբերություն չեմ ունեցել իր հետ: Մեր միակ կապը պատահականորեն նույն ազգանունն ունենալն է:

Տեղեկացանք նաև, որ կրկին անգամ սկսվել են հետապնդումներն ու սպառնալիքները ՀՅ Դաշնակցության անդամների հանդեպ: Նման քայլերով երկիրը արագընթաց կերպով առաջանում է դեպի մենատիրություն և ընկղմվում մարդու իրավունքների խախտման գործընթաց: Կոչ եմ անում իշխանությանը, որ սթափվի և փոխի իր այս ուղեգիծը: Այստեղ Նիկոլ Փաշինյանին ուզում եմ հիշեցնել՝ երբ այսօր ինքն ի շարս այլոց ամբաստանում է նաև Արծվիկ Մինասյանին և Արթուր Խաչատրյանին, ինքը չէ՞ր, որ 2018 թ. Հանրապետության հրապարակում իր կառավարության 100 օրվա առթիվ ներկայացված զեկուցմանը հայտարարեց, որ երկու՝ Էկոնոմիկայի և Գյուղատնտեսության նախարարություններն ամենակարևոր առաջդիմությունն ունեն: Ովքե՞ր էին նախարարները. Արծվիկ Մինասյան և Արթուր Խաչատրյան: Հանկարծ այսօր իրենք «վտանգաւոր հանցագործնե՞ր» դարձան:

Պետք է ի վերջո լրջանանք: Ես հաճախ խուսափում եմ Հայաստանի ներքին հարցերի մասին գրելուց կամ խոսելուց, բայց այլևս անկարելի է, քանի որ սկսել ենք հասնել ճգնաժամային պահերի, և հարկավոր է յուրաքանչյուրս ստանձնենք մեր պատասխանատվությունը մեր ժողովրդի և Հայրենիքի հանդեպ: Արդ, ուրեմն, կոչ եմ ուղղում վարչապետին և իր շրջապատին վե՛րջ տալ իրենց այս քաղաքականությանը, որ մեծ և վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ մեր Հայրենիքի և Հայ ժողովրդի համար»,–ասվում է հայտարարության մեջ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ «անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանը ազատելու և Կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ»։ Նա հավելել է, որ այս փուլում«պիտի ստեղծենք Համակարգող խումբ, վերը նշված օրակարգի կազմակերպչական հարցերը կարգավորելու համար»։ Ընդ որում, նա հայտարարել է, որ «Համակարգող խմբի առաջին 10 անդամի ընտրության պատասխանատվությունը կվերցնի» իր վրա։

 Ուշագրավ
---