24 հունիսի 2025 - 12:18 AMT
Աբրահամյան․ Անընկալելի է, երբ զուտ Սարգսյանին հակադրվելու համար, փորձում են փակել փոփոխությունների ճանապարհը

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ներկայացուցիչ Տիգրան Աբրահամյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այս օրերին, երբ տարբեր ուղղությամբ հարձակումներ են հայկական պետականության, հայ ժողովրդի հավաքական շահերը ներկայացնող կառույցների գործիչների դեմ, մարդիկ կրկին հարցադրում են անում` ի՞նչ անել։

Ըստ նրա՝ անընկալելի է, երբ զուտ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին հակադրվելու և իրենց սխալերը (նաև նախկին շրջանում) չընդունելու պատճառով, փորձում են փակել փոփոխությունների ճանապարհը։

«Քաղաքական դաշտում մեծ առումով երկու գերիշխող մոտեցում կա:

Առաջին, մոբիլիզացնել բոլոր ուժերը և լավագույն ձևով պատրաստել 2026 թվականի ընտրություններին:

Երկրորդ, ԱԺ-ում անվստահության գործընթացի միջոցով պրոցես գեներացնել` թուլացնել իշխանությունը և փորձել հասնել քաղաքական հանգուցալուծման:

ՀՀԿ-ն նախընտրեց 2-րդ ճանապարհը, սկսեց անվստահության գործընթացը, թեկնածու առաջադրեց խորհրդի անդամ Դավիթ Համբարձումյանին:

Թվում էր, թե պրոցեսը պետք է գնա սրա շուրջ համախմբման ուղով, սակայն որոշ շրջանակներ իրենց տապալված մարտավարությունն ու ընտրությունները որպես քաղաքական փոփոխություն տեսնելու մոտեցումն արդարացնելու համար թիրախավորում են անվստահության գործընթացն ու ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանին:

Այն մարդիկ, ովքեր հայտարարել են կամ համարում են, որ երկրի փրկությունն այս իշխանությունից օր առաջ ազատվելն է ո´չ միայն սպասելու ժամանակ չպետք է ունենան, այլ գիտակցեն, որ գործող կառավարիչը անօրինական, քաղաքացիական պատերազմով ամեն բան անելու է վերարտադրվելու համար:

Անընկալելի է, երբ զուտ Սերժ Սարգսյանին հակադրվելու և իրենց սխալերը (նաև նախկին շրջանում) չընդունելու պատճառով, փորձում են փակել փոփոխությունների ճանապարհը:

Պետք է ամեն ինչ անել` օգտագործել բոլոր հնարավորությունները, երկրում արագ փոփոխությունների հասնելու համար, իսկ եղած ռեսուրսն օգտագործել ո´չ թե արդարանալու, այլ արդյունավետ գործողությունների իրականացնելու համար»,–ասվում է գրառման մեջ։

«Պատիվ ունեմ» խմբակցությունը, հիմք ընդունելով ՀՀԿ Գործադիր մարմնի հայտարարությունը, հունիսի 7-ին կայացած նիստում որոշել է՝ Սահմանադրական «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի համաձայն հանդես գալ վարչապետի անվստահության նախաձեռնությամբ։ Որպես նոր վարչապետի թեկնածու նրանք առաջադրել են Մասիս համայնքի ղեկավար, ՀՀԿ խորհրդի անդամ Դավիթ Համբարձումյանին։