Գրոսի․ Իրանը մեծ հետընթաց կունենա իր միջուկային ծրագրում

Գրոսի․ Իրանը մեծ հետընթաց կունենա իր միջուկային ծրագրում

PanARMENIAN.Net - ՄԱԳԱՏԷ‑ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ Իրանի միջուկային օբյեկտներին Իսրայելի և ԱՄՆ հարվածների արդյունքում այդ երկիրը հետընթաց կունենա իր միջուկային ծրագրում։

«Կարծում եմ՝ իրանական միջուկային ծրագիրը զգալիորեն հետ է մղվել... Մինչև հունիսի 13–ը կար մի միջուկային Իրան, իսկ հիմա՝ այլ։ Դա մեծ տարբերություն է»:

Սակայն նա խուսափել է հստակ թվային գնահատականից, թե որքանով է հետ մղվել Թեհրանը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Գրոսին միևնույն ժամանակ բանակցությունների վերսկսման հույս է հայտնել։

«Ես անձամբ հույս ունեմ բանակցությունների՝ Մերձավոր Արևելքի հարցերով բանագնաց Ուիթկոֆի հետ։ Գաղափար կար, համաձայն որի Իրանը չէր զբաղվի հարստացմամբ, այլ կարող էր լինել միջազգային կոնսորցիումի մաս։ Քննարկվում էին շատ հետաքրքիր տարբերակներ»,–ասել է նա։

Իրանը և ԱՄՆ‑ն բանակցությունների 5 փուլ էին անցկացրել՝ Օմանի միջնորդությամբ, որոնք վերաբերում էին Թեհրանի միջուկային ծրագրին և ԱՄՆ պատժամիջոցների վերացմանը: Վեցերորդ փուլը, նախատեսված հունիսի 15‑ին, չկայացավ Իրանի և Իսրայելի միջև բախման պատճառով, որում Թեհրանը մեղադրեց Վաշինգտոնին:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, հանդես գալով տեսաուղերձով, հայտարարել է, որ Իսրայելը «պատմական հաղթանակ» է տարել Իրանի դեմ զինված դիմակայությունում։

«Մենք հասել ենք պատմական հաղթանակի, որը կհիշվի սերունդներով։ Մենք վերացրել ենք երկու անմիջական գոյաբանական սպառնալիք՝ միջուկային ռումբերով ոչնչացման սպառնալիքն ու 20,000 բալիստիկ հրթիռներով ոչնչացման սպառնալիքը», — ասել է Նեթանյահուն, գրում է ՏԱՍՍ–ը։

Նա հավելել է. «Մենք սառեցրել ենք Իրանի միջուկային ծրագիրը, և եթե ինչ-որ մեկը փորձի վերակենդանացնել այդ ծրագիրը, ապա մենք նույն վճռականությամբ և ուժով կգործենք՝ խափանելու նման փորձերը։ Իրանը միջուկային զենք չի ունենա»։

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ժողովրդին ուղղված ուղերձում հայտարարել է, որ Իսրայելը չի կարողացել հասնել իր նպատակներին և լուրջ կորուստներ է կրել։

Նրա խոսքով՝ «ագրեսիվ հակառակորդը ձախողվել է Իրանում օբյեկտների ոչնչացման և միջուկային հետազոտությունների խափանման նպատակներին հասնելու, սոցիալական անկարգություններ հրահրելու գործում», — նշված է Իրանի նախագահի մամուլի ծառայության տարածած ուղերձում, գրում է ՏԱՍՍ–ը։

Փեզեշքիանը շեշտել է, որ Թել Ավիվի դեմ իրանական ԶՈւ պատասխան գործողությունների հետևանքներն ամբողջ աշխարհին ցույց են տվել, որ «այսպիսի մեծ երկրի՝ ինչպիսին Իրանն է, դեմ արկածախնդրության գինը սարսափելի է»։

Նախագահը համոզմունք է հայտնել, որ հնարավոր է խաղաղ համակեցություն Մերձավոր Արևելքի երկրների միջև։

«Մեր ընդհանուր իմաստությունն ու հեռատեսությունը կխափանեն այն թշնամիների ծրագրերը, ովքեր փորձում են տարաձայնություն սերմանել մեր մեջ», — հավելել է նա։

Նա նաև վստահեցրել է, որ պետական բոլոր կառույցները կկենտրոնացնեն իրենց ջանքերը հարվածների ենթարկված օբյեկտների վերականգնման և զոհերի ու տուժածների ընտանիքներին աջակցություն ցուցաբերելու վրա։

Իսրայելը հունիսի 13-ի գիշերը սկսել է ռազմական գործողություն Իրանի դեմ։ Իրանը պատասխան հարվածներ է հասցրել։ Հունիսի 22-ի գիշերը, հակամարտության մեջ ներգրավվել են ԱՄՆ ուժերը՝ հարվածելով Իրանի երեք միջուկային օբյեկտների։ Հունիսի 23-ի երեկոյան Թեհրանը հրթիռային հարված է հասցրել Կատարում գտնվող Մերձավոր Արևելքի խոշորագույն ամերիկյան օդային բազային՝ Ալ-Ուդեյդին։ ԱՄՆ իշխանությունների տվյալներով՝ զոհեր չկան, էական վնաս չի հասցվել։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարության համաձայն՝ Իսրայելը և Իրանը պայմանավորվել են լիարժեք դադարեցնել կրակը։ Հրադադարն ուժի մեջ է մտել:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---