Պեսկով. Մոսկվան կապի մեջ է Երևանի հետ, այդ թվում Կարապետյանի հարցով

Պեսկով. Մոսկվան կապի մեջ է Երևանի հետ, այդ թվում Կարապետյանի հարցով

PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Մոսկվան կապի մեջ է Երևանի հետ, այդ թվում՝ երկու ամսով կալանավորված գործարար Սամվել Կարապետյանի հարցով։

«Այո, անշուշտ կան։ Մենք կապի մեջ ենք մեր գործընկերների հետ Հայաստանում, Երևանում… Դե իհարկե, քանի որ Կարապետյանը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է, համապատասխան կապերն իրականացվում են», – հայտարարել է Պեսկովը լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով Կարապետյանի գործով Երևանի հետ կապերի առկայության մասին հարցին, գրում է ՌԻԱ Նովոստին։

Նա նաև ասել է, որ երկրում իրավիճակը Հայաստանի ներքին գործն է՝ հավելելով, որ ՌԴ–ն ցանկանում է, որ Հայաստանը լինի բարգավաճ և բարեկամ երկիր։ Նա այդ մասին ասել է՝ պատասխանելով «հեղաշրջման պլանի» մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին հարցին։

«Դա, անկասկած Հայաստանի ներքին գործն է։ Մենք, իհարկե, շահագրգռված ենք, որ Հայաստանում օրինականություն և հանդարտություն պահպանվի։ Եվ որ Հայաստանը լինի բարգավաճ և բարեկամ երկիր»,–ասել է նա։

Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը կալանավորվել է երկու ամսով և տեղափոխվել «Արմավիր» ՔԿՀ` ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալnւն ուղղված հրապարակային կոչի համար։

Դրանից մի քանի ժամ առաջ Կարապետյանը հանդես էր եկել Հայ Առաքելական եկեղեցուն աջակցող հայտարարությամբ․«Ես մեր եկեղեցու, մեր ժողովրդի կողքին եմ: Ինչքան էլ փորձեն սևացնել, ոչ մի էլեկտրական ցանց... թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց էլցանցի վրա էլ: Ամեն ինչ լավ է լինելու, ժողովուրդը մեկ է իր խոսքն ասելու է, իրենք հասկանալու են, որ սխալվեցին»։

Ի պատասխան Փաշինյանը գրել էր․ «Պոռնկաբարո «հոգևորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչո՞ւ են ակտիվացել։ Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ»: Ավելի ուշ նա հավելել է, որ ՀԷՑ–ը պետք է պետականացվի և շատ արագ։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---