Կարապետյան. Դաժան ռեպրեսիվ մեքենան դարձել է ամենապահանջված միջոցը և սասանում է երկրի ներքին ամրությունը

Կարապետյան. Դաժան ռեպրեսիվ մեքենան դարձել է ամենապահանջված միջոցը և սասանում է երկրի ներքին ամրությունը

PanARMENIAN.Net - Երկու ամսով կալանավորված գործարար, բարերար Սամվել Կարապետյանն իր փաստաբանական թիմի միջոցով հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է․ «դաժան ռեպրեսիվ մեքենան դարձել է ամենապահանջված միջոցը և սասանում է մեր երկրի ներքին ամրությունը»։

Նա նշել է, որ շուտով «միասին վերջ ենք տալու պառակտմանը»։

«Ինչ հաջողվեց ներկա իշխանություններին

Երկիրը բաժանել սևերի և սպիտակների։ Հերոսներին, գեներալներին, գիտնականներին, ամբողջ էլիտային դասեցին սևերի շարքը։ Ոմանց սարքեցին կաշառակերներ, ոմանց սարքեցին հասարակության համար անպիտաններ, բոլոր գործարարները հայտնվեցին սևերի դաշտում, ոմանց դեմ նույնիսկ հարուցվեցին հարյուրավոր անօրինական քրեական գործեր։

Դաժան ռեպրեսիվ մեքենան դարձել է ամենապահանջված միջոցը և սասանում է մեր երկրի ներքին ամրությունը: Երկրի համար սրտացավ, անհանգիստ, աշխատատեղ ու բարիք ստեղծող մարդիկ դարձել են քաղբանտարկյալներ՝ ճաշակելով կալանավայրերի, խցերի քաղցրությունը։

Հարգանքի արժանացած տարբեր մարդիկ իրենց ընտանիքների հետ հալածվեցին՝ ստիպված լինելով լքել կամ չվերադառնալ իրենց Հայրենիք: Շատերին անձամբ եմ ճանաչում, և նման վիճակում հայտնված անձանց անունները կարելի է երկար թվարկել:

Հաջողվեց բոլորին հանել բոլորի դեմ։ Քաղաքական ուժերը սկսեցին պայքարել միմյանց դեմ՝ մի կողմ թողնելով գլխավոր չարիքը։ Սակայն ժամանակն ասում է իր խոսքը և անում իր գործը. սևերը սկսեցին սպիտակել, իսկ սպիտակները, որոնք այժմ ժողովրդի մեջ փոքրամասնություն են, վստահ եմ, որ կարճ ժամանակ հետո բոլորի համար շոշափելիորեն կմնան ընդամենը մի փոքրիկ խմբակ։ Չնայած նույնիսկ դա է ինձ ցավ պատճառում, քանի որ բաժանումներից, պառակտումներից սկսվեց մեր ամենադժվար շրջափուլը։ Շուտով միասին վերջ ենք տալու պառակտմանը: Պայքարելու ենք»,–ասվում էհայտարարության մեջ։

Հունիսի 25–ի առավոտյան իրավապահ մարմինները սկսել են խուզարկություններ «Սրբազան պայքար» շարժման կողմնակիցների հասցեներում: Քննչական կոմիտեն հայտարարել է, որ «Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները «պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել աhաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ»։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը 2 ամսով կալանավորվել է։ ՔԿ–ն տվյալ գործով դատարան է ներկայացրել 16 անձանց կալանավորելու միջնորդություն։ Դատարանը բավարարել է նրանցից 9-ի կալանավորման պահանջը, մեկ անձի վերաբերյալ միջնորդության քննարկումը կայացել է, սակայն որոշումը կհրապարակվի հունիսի 26-ին։

Հունիսի 24–ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է civic.am-ի՝ «Ընդդիմության հեղաշրջման պլանը» հոդվածով և գրել է․ «Այս պրոցեսը պատմության մեջ կմնա որպես «ստահակների ձախողված հեղաշրջում»:

 Ուշագրավ
---