Կոստանյան․ ՀՀ–ն Ադրբեջանի հետ մոտ ապագայում կարող է նոր քննարկում ունենալ

Կոստանյան․ ՀՀ–ն Ադրբեջանի հետ մոտ ապագայում կարող է նոր քննարկում ունենալ

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանն ասել է, որ Հայաստանն Ադրբեջանի հետ մոտ ապագայում կարող է նոր քննարկում ունենալ։

«Կարծում ենք՝ մոտ ապագայում հնարավոր կլինի նոր քննարկում ունենալ Ադրբեջանի հետ»,- նշել է նա, գրում է Aysor.am-ը։

Նա հիշեցրել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջև վերջին քննարկումը տեղի է ունեցել Տիրանայում՝Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի շրջանակում։

«Հայկական կողմը դրական է տրամադրված։ Հաշվի առնելով, որ մենք պատրաստ ենք ստորագրել խաղաղության պայմանագիրը՝ կողմ կլինենք նման հանդիպման անցկացմանը»,- հավելել է Կոստանյանը։

Մարտի 13–ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ ընդունել է չհամաձայնեցված 2 հոդվածի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները և որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Նշվում է, որ ՀՀ–ն պատրաստ է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ Բաքվից առաջ են քաշել նոր նախապայմաններ և հայտարարել, թե դեռ վաղ է խոսել հանդիպման ժամկետների մասին:

Խաղաղության համաձայնագրի նախագիծը բաղկացած է 17 կետից, որոնցից նախկինում համաձայնեցվել էր 15-ը։ Չհամաձայնեցված կետերից մեկը միմյանց նկատմամբ միջազգային մակարդակով պահանջներից հրաժարվելն էր, իսկ մյուսը՝ այլ երկրների ներկայացուցիչներին Ադրբեջանի և Հայաստանի սահմանին չտեղակայելը։

 Ուշագրավ
---