Իրավապահները Շիրակի թեմի առաջնորդարանում են և Մայր աթոռում. Աջապահյանը ևս Մայր Աթոռում է

Իրավապահները Շիրակի թեմի առաջնորդարանում են և Մայր աթոռում. Աջապահյանը ևս Մայր Աթոռում է

PanARMENIAN.Net - Առավոտյան մոտ 30 դիմակավորված անձ ներխուժել է Շիրակի թեմի առաջնորդարան։ Այդ մասին հայտնել է փաստաբան Միհրան Պողոսյանը, տեղեկացնում է Aysor.am-ը։

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, սակայն, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում է։ Տեղեկությունը հայտնել է նրա փաստաբան Թամարա Յայլոյանը, գրում է Sputnik Արմենիան։

Հունիսի 27–ին Մայր աթոռում Քահանայից ժողով էր նախատեսված։

Ըստ PanARMENIAN.Net ի աղբյուրի, ԱԱԾ-ն Մայր աթոռի տարածքում է։

Փաստաբանների պալատի նախկին ղեկավար Արա Զոհրաբյանը տեղեկացրել է, որ Աջապահյանի դեմ սկսվել է քրեական վարույթ և կազմավորվում է փաստաբանների պաշտպանական խումբ, գրում է«Փաստինֆոն»։

Դատապարտելի համարվող արարքը վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասին, որն անդրադառնում է «իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերին», որոնց համար սահմանվում է առավելագույնը հինգ տարվա ազատազրկում։

Ըստ ԶԼՄ հրապարակումների Շիրակի թեմի առաջնորդը նախկինում՝ 2023թ․ սեպտեմբերի 26-ին «Ռազմական հեղաշրջում պետք է արվի, թե չէ Հայաստանը կդառնա Էրմինիստան» կարծիքն է արտահայտել:

Իրավաբանական դիտարկումների համաձայն, պարզ է դարձել, որ իրավապահ մարմինները Միքայել սրբազանի խոսքում հանցակազմի հատկանիշներ չեն տեսել՝ ըստ օրենսդրական այդ հոդվածի։

Ընդ որում, դեռևս 2023թ․ հոկտեմբերի 4-ինCivic.amկայքում նյութ էր հրապարակել «Հայաստանում ռազմական հեղաշրջման կոչ արած Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանի հայտարարությամբ պայմանավորված վարույթ այս պահին առկա չէ» վերտառությամբ, որտեղ նշվել էր հետևյալը․ «Դատախազության մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը և Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը Civic.am-ի հարցին ի պատասխան նշեցին, որ այս պահի դրությամբ նախաձեռնված վարույթ առկա չէ։»:

Ըստ մեկնաբանությունների՝ նույն այդ հոդվածի համատեքստում չեն կարող որպես քրեորեն պատժելի համարվել իշխանությունների քննադատությունը, հրաժարականի պահանջները կամ հիմնավորումները, հանրահավաքների ու երթերի կոչերը, փոխաբերական արտահայտությունները կամ անգամ անեծքները։

Խախտման համար անհրաժեշտ է, որ արված կոչերը լինեն հստակ, հասանելի ու ուղղված մարդկանց լայն զանգվածին՝ վերջիններիս դրդելով կոնկրետ գործողության։ Մինչդեռ Միքայել սրբազանի միանգամայն անցյալին վերաբերող քննադատությունը որևէ արդյունքի չի հանգեցրել ու դրա հնարավորությունը փաստացի բացակայում է։ Հակառակ պարագայում, իրավապահ մարմինները ստիպված են լինելու վարույթ սկսել յուրաքանչյուր անեծք ասողի նկատմամբ։

Այս ամենը դիտարկվում է որպես իշխանության հակաեկեղեցական քաղաքականության հերթական դրսևորում, և այդ ֆոնին ձևավորվում է փաստաբանների պաշտպանական խումբ՝ սրբազանին աջակցելու նպատակով։ Ըստ Արա Զոհրաբյանի, մեծ թվով փաստաբաններ մշտապես կանգնել են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կողքին։

Բոլոր այն իրավաբանները, ովքեր ցանկանում են միանալ այս պաշտպանական նախաձեռնությանը, կարող են իրենց պատրաստակամությունը հայտնել անձնական նամակով կամ մեկնաբանությունների բաժնում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ «անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանը ազատելու և Կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ»։ Նա հավելել է, որ այս փուլում«պիտի ստեղծենք Համակարգող խումբ, վերը նշված օրակարգի կազմակերպչական հարցերը կարգավորելու համար»։ Ընդ որում, նա հայտարարել է, որ «Համակարգող խմբի առաջին 10 անդամի ընտրության պատասխանատվությունը կվերցնի» իր վրա։

 Ուշագրավ
---