ՔԿ․ Աջապահյանի բնակարանում ընթանում են քննչական և վարութային գործողություններ

ՔԿ․ Աջապահյանի բնակարանում ընթանում են քննչական և վարութային գործողություններ

PanARMENIAN.Net - Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանի բնակության վայրում իրականացվում են անհրաժեշտ քննչական ու վարութային միջոցառումներ։ Այդ մասին հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը, հայտնում է Factor.am-ը։

Այլ մանրամասներ նա չի հայտնել։

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանի՝ լրատվամիջոցներին տված հարցազրույցի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել. «Վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով է, այսինքն՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը»,- տեղեկացրել էին Գլխավոր դատախազությունից։

Շիրակի թեմի առաջնորդը հեղաշրջման մասին առաջին անգամ խոսել է 2024 թվականի փետրվարին՝ ասելով. «Ե՛վ ասել եմ՝ պետք է ռազմական հեղաշրջում, և՛ դրանից հետո էլ եմ ասել՝ պետք է ռազմական հեղաշրջում, բայց մենք բանակ չունեցանք, չունեցանք գեներալիտետ, ովքեր կանեին այդ անհրաժեշտ քայլը պետականության և Արցախի փրկության համար»: Ռազմական հեղաշրջման մասին խոսել է նաև օրեր առաջ՝ News.am-ին տված հարցազրույցում։

Առավոտյան մոտ 30 դիմակավորված անձ ներխուժել է Շիրակի թեմի առաջնորդարան։ Այդ մասին հայտնել է փաստաբան Միհրան Պողոսյանը։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, սակայն, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում է։

Հունիսի 27–ին Մայր աթոռում Քահանայից ժողով էր նախատեսված։ Ըստ http://PanARMENIAN.Net ի աղբյուրի, ԱԱԾ-ն Մայր աթոռի տարածքում է, հավանաբար նախատեսում են խուզարկել Վեհարանի շենքը` կաթողիկոսի նստավայրը։

Փաստաբանների պալատի նախկին ղեկավար Արա Զոհրաբյանը տեղեկացրել է, որ Աջապահյանի դեմ սկսվել է քրեական վարույթ և կազմավորվում է փաստաբանների պաշտպանական խումբ։

 Ուշագրավ
---