Կարապետյանի փաստաբանական թիմ. Իրավական ամենաթողություն՝ վերաքննիչ բողոքի շուրջ

Կարապետյանի փաստաբանական թիմ. Իրավական ամենաթողություն՝ վերաքննիչ բողոքի շուրջ

PanARMENIAN.Net - Երկու ամսով կալանավորված գործարար և բարերար Սամվել Կարապետյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է «Կարապետյանի վերաքննիչ բողոքի շուրջ իրավական ամենաթողության մասին»:

«Անվանի գործարար, բարերար Սամվել Կարապետյանը 2025 թվականի հունիսի 18-ի ակնհայտ անհիմն և ապօրինի որոշմամբ՝ կալանավորված է: Փաստաբանական խմբի բողոքը 2025 թվականի հունիսի 20-ին մակագրվել էր ամենից ցածր վարկանիշ ունեցող դատավոր Արմեն Դանիելյանին: Նշված և այլ հանգամանքներից ելնելով 2025 թվականի հունիսի 23-ին Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի կողմից ներկայացվել էր միջնորդություն՝ բողոքը հետ վերցնելու վերաբերյալ:

Այս կարճ ժամանակահատվածում ամբողջությամբ բացահայտվեց այն, որ կատարվել էր ամեն ինչ, որպեսզի միայն Արմեն Դանիելյանը քննության առնի Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի վերաբերյալ բողոքը:

Նախ՝ Արմեն Դանիելյանը պարտավոր լինելով անհապաղ կարճելու վարույթը, մատնվել էր հատուկ անգործության: Այնուհետև՝ Դատախազությունը ներկայացնում է վերաքննիչ բողոք, այն պայմաններում, երբ քննիչի միջնորդությունը բավարարվել էր ամբողջությամբ, այսինքն բողոքարկման հարցի բացակայության պայմաններում՝ բողոք է ներկայացվել: Այս ամենը կատարվել է զուտ նրա համար որպեսզի Արմեն Դանիելյանը ամեն գնով շարունակի մնալ բողոքը քննող դատավոր: Միաժամանակ սրանով Արմեն Դանիելյանը չի սահմանափակվել: Այսօր Վերաքննիչ քրեական դատարանի դատավորը ուղարկել է որոշում, որով վարույթ է ընդունել դատախազի բողոքը, բայց նաև սահմանել է նոր նշաձող իրավունքի սահմանազանցման՝ փաստաբանական խմբի ներկայացրած բողոքը, որից հրաժարվելու միջնորդություն էր ներկայացվել՝ ևս վարույթ է ընդունվել: Ավելին՝ պաշտպանության կողմին տրվել է ընդամենը 1 օր ժամկետ դիրքորոշումներ ներկայացնելու համար, իսկ դատական ակտի հրապարակման օր է նշանակվել 2025 թվականի հուլիսի 4-ը:

Սամվել Կարապետյանի ապօրինի կալանավորման, դրա բողոքարկման խայտառակ ընթացքի, պետական մարմինների վարքագիծը՝ ցանկացած անաչառ դիտորդի մոտ աներկբա են դարձնում քաղաքական հետապնդման ակնհայտ և ուղիղ առկայությունը»,–ասվում է հայտարարության մեջ։

Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը կալանավորվել է երկու ամսով և տեղափոխվել «Արմավիր» ՔԿՀ` ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալnւն ուղղված հրապարակային կոչի համար։

Դրանից մի քանի ժամ առաջ Կարապետյանը հանդես էր եկել Հայ Առաքելական եկեղեցուն աջակցող հայտարարությամբ․«Ես մեր եկեղեցու, մեր ժողովրդի կողքին եմ: Ինչքան էլ փորձեն սևացնել, ոչ մի էլեկտրական ցանց... թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց էլցանցի վրա էլ: Ամեն ինչ լավ է լինելու, ժողովուրդը մեկ է իր խոսքն ասելու է, իրենք հասկանալու են, որ սխալվեցին»։

Ի պատասխան Փաշինյանը գրել էր․ «Պոռնկաբարո «հոգևորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչո՞ւ են ակտիվացել։ Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ»: Ավելի ուշ նա հավելել է, որ ՀԷՑ–ը պետք է պետականացվի և շատ արագ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---