Բագրատ Սրբազանն ուղերձ է հղել․ «Չտրտմե՛ք, չընկճվե՛ք, չկասկածե՛ք և չտատամսե՛ք»![]() 27 հունիսի 2025 - 11:36 AMT PanARMENIAN.Net - «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ով ներկայում գտնվում է ԱԱԾ շենքի «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում, փաստաբանների միջոցով ուղերձ է հղել ժողովրդին։ «Իմ շատ սիրելի ժողովուրդ, Նախ ցանկանում եմ ամբողջ սրտով խոնարհ շնորհակալություն հայտնել բոլորիդ ձեր աջակցության և զորակցության համար և ձեր ներողամտությունը հայցել անհարմարություններ պատճառելու համար։ Ստի և կեղծիքի վրա հիմնված չարիքի իշխանությունը այլ կերպ չի կարող վարվել, քան հալածելը, լռեցնելը բոլոր նրանց, ովքեր ճշմարտության և արդարության ճանապարհի մարտիկներ են, ում համար թանկ է Հայրենիքը, սեփական պետությունը և պատիվը։ Չկա ավելի քաղցր երևույթ, քան հալածվելը Հայրենիքի և պատվի համար։ Պատիվ է մեզ անցնել այս ճանապարհը։ Անկախ նրանից, թե ինչ որոշում կկայացնի դատարանը, իմ, մեր որոշումը մեկն է՝ մեր խոցված մոր՝ Մայր Հայաստանի ազատագրումը, մեր պատվի և ուրախության վերականգնումը։ Չտրտմե՛ք, չընկճվե՛ք, չկասկածե՛ք և չտատամսե՛ք. իր վերջին օրերն ապրող չարիքը գլորվելու է, և մենք կերտելու ենք մեր կյանքի նոր արշալույսը։ Այո՛, Հոգևոր Հայաստանը պետք է հաղթի այս «նոր» հայաստանին, Եռագույնը՝ սև ու սպիտակին, Տաճարը՝ փողոցին։ Քանի որ մեր երազներն ու իղձերը ավելի են, քան մեր կյանքի սահմանափակ թվով օրերը։ Ապրում եմ կյանքիս ամենաերջանիկ օրերը, քանզի հենց ինձ և ձեզ է տրված իրականացնելու մեր Տան կառուցման առաքելությունը, կյանքի կոչելու մեր Ավետյաց Երկրի Տեսիլքը։ Մեր հաղթանակը այլընտրանք չունի… Հ.Գ. Փաստաբան Սերգեյ Հարությունյանը նաև տեղեկացրեց, որ ՔՊ-ական պատգամավորները սուտ լուրեր են տարածում, իբր դատական նիստի ընթացքում հաստատել եմ չարիքի իշխանության տարածած ձայնագրությունների իսկությունը։ Ստի ու կեղծիքի իշխանությունը չի կարող այլ բան անել, քան սուտ ու կեղծիք տարածելը։ Բայց, ինչպես արդեն ասացի, ստի վերջը մոտ է։ Ամեն բան լավ է լինելու»,–ասվում է ուղերձում։ Հունիսի 25–ի առավոտյան իրավապահ մարմինները սկսել են խուզարկություններ «Սրբազան պայքար» շարժման կողմնակիցների հասցեներում: Քննչական կոմիտեն հայտարարել է, որ «Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները «պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել աhաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ»։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը 2 ամսով կալանավորվել է։ ՔԿ–ն տվյալ գործով դատարան է ներկայացրել 16 անձանց կալանավորելու միջնորդություն։ Դատարանը բավարարել է նրանցից 9-ի կալանավորման պահանջը, մեկ անձի վերաբերյալ միջնորդության քննարկումը կայացել է, սակայն որոշումը կհրապարակվի հունիսի 26-ին։ Հունիսի 24–ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է civic.am-ի՝ «Ընդդիմության հեղաշրջման պլանը» հոդվածով և գրել է․ «Այս պրոցեսը պատմության մեջ կմնա որպես «ստահակների ձախողված հեղաշրջում»: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |