ԱԱԾ-ն Միքայել Աջապահյանին կոչ է անում «չթաքնվել» և «ներկայանալ իրեն սպասող ԱԱԾ օպերատիվ խմբին»

ԱԱԾ-ն Միքայել Աջապահյանին կոչ է անում «չթաքնվել» և «ներկայանալ իրեն սպասող ԱԱԾ օպերատիվ խմբին»

PanARMENIAN.Net - ԱԱԾ-ն հայտարարել է, որ քրեական գործի շրջանակում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ձերբակալելու որոշում է ընդունվել և կոչ է արել նրան «չթաքնվել» և «ներկայանալ իրեն սպասող ԱԱԾ օպերատիվ խմբին»։

«ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում որոշում է կայացվել ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի (Գևորգ Արտաշեսի Աջապահյան) նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, այն բանի համար, որ նա զանգվածային լրատվամիջոցների, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ, իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր է կատարել:

Այդ կապակցությամբ 2025թ. հունիսի 27-ին որոշում է կայացվել ազատության մեջ գտնվող մեղադրյալ Գևորգ Աջապահյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու նպատակով դատարան ներկայացնելու համար ձերբակալելու մասին: Որոշման իրագործումը հանձնարարվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը։

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բոլոր քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ իրավիճակը լարելուց, չխոչընդոտել իրավապահ մարմինների օրինական որոշումների իրագործմանը: Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանին (Գևորգ Արտաշեսի Աջապահյան) կոչ ենք անում չթաքնվել իրավապահ մարմիններից ևներկայանալ իրեն սպասող Ազգային անվտանգության ծառայության օպերատիվ խմբին։

Ավելի ուշ ԱԱԾ աշխատակիցները կոտրել են Վեհարանի պահակակետի պատուհանը և մուտք գործել Վեհարանի տարածք, ինչի մասին վկայում են սոցցանցերում տարածված տեսանյութերը: Ապա վեհարանի դիմաց կանգնածԱԱԾ–ի մեքենան հեռացել է տարածքից:

Առավոտյան մոտ 30 դիմակավորված անձ ներխուժել է Շիրակի թեմի առաջնորդարան։ Այդ մասին հայտնել է փաստաբան Միհրան Պողոսյանը։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, սակայն, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում է։

Հունիսի 27–ին Մայր աթոռում Քահանայից ժողով էր նախատեսված։ ԱԱԾ-ն Մայր աթոռի տարածքում է, հավանաբար նախատեսում են խուզարկել Վեհարանի շենքը` կաթողիկոսի նստավայրը։ Փաստաբանների պալատի նախկին ղեկավար Արա Զոհրաբյանը տեղեկացրել է, որ Աջապահյանի դեմ սկսվել է քրեական վարույթ և կազմավորվում է փաստաբանների պաշտպանական խումբ։

 Ուշագրավ
---