Գյումրու ավագանու 4 խմբակցություն. Այն, ինչ կատարվում է Աջապահյանի շուրջ, արդարացում չունի

Գյումրու ավագանու 4 խմբակցություն. Այն, ինչ կատարվում է Աջապահյանի շուրջ, արդարացում չունի

PanARMENIAN.Net - Գյումրու ավագանու «Մեր քաղաքը», «Հայաստանի կոմունիստական կուսակցություն», «Իմ հզոր համայնք» և «Մայր Հայաստան» խմբակցությունները խստորեն դատապարտել են Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազան Աջապահյանի դեմ սկսված քրեական հետապնդումը։ Այդ մասին ասվում է տարածված հայտարարության մեջ։

Կատարվածը որակվում է մտահոգիչ և անթույլատրելի։

«Այն, ինչ տեղի է ունում մեր հայրենիքում Հայաստանյան առաքելական սուրբ եկեղեցու, Գյումրիում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի շուրջ, արդարացում չունի։

Այս ամենը քաղաքական հետապնդում է, հալածանք է մեր ազգային եկեղեցու, ազգային արժեքների, հոգևոր հայրերի դիրքորոշումների, կարծիքների նկատմամբ, որը, ցավոք, ծրագրված, խիստ դատապարտելի, ոչ պետական վարքագծի դրսևորում է:

Մենք դատապարտում ենք առաջին քրիստոնյա ազգի` հայ հոգևոր հայրերի, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դեմ սանձազերծված բռնաճնշումները, բարոյական կտտանքները»,– նշված է հայտարարության մեջ։

Խմբակցությունները պատկան մարմիններին հորդորել են զերծ մնալ սանձազերծված գործելակերպից և անհապաղ դադարեցնել «ամոթալի հալածանքներն ու հետապնդումները, որոնք ուղղված են ՀԱԵ առաջնորդների և օծյալ հոգևորականների դեմ»։

Առավոտյան մոտ 30 դիմակավորված անձ ներխուժել էր Շիրակի թեմի առաջնորդարան։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, սակայն, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում էր, որտեղ Քահանայից ժողով էր նախատեսված։ ԱԱԾ-ն մտել էր Մայր աթոռի տարածք՝ ձերբակալելու Աջապահյանին։ Սրբազանը հայտարարել էր, որ պատրաստվում է գնալ իրավապահների հետ, բայց տեղի ունեցած հրմշտոցից հետո նա կաթողիկոսի հետ գնաց Վեհարան։

Աջապահյանի նկատմամբքրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։

 Ուշագրավ
---