Թաթոյան. Տեղի ունեցողը նվեր է ադրբեջանական իշխանության զավթողական ծրագրերի համար

Թաթոյան. Տեղի ունեցողը նվեր է ադրբեջանական իշխանության զավթողական ծրագրերի համար

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը հայտնել է, որ իր ընկերների ուղեկցությամբ ուղևորվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` նշելով, որ իշխանությունը հրահրել է խիստ վտանգավոր գործընթացներ։

Նա հայտարարել է, որ «տեղի ունեցողը նվեր է ադրբեջանական իշխանության զավթողական ծրագրերի համար»։

«Իմ ընկերների հետ ես գնում եմ Մայր Աթոռ Սուրբ էջմիածին:

Մայր Աթոռի տարածք, Վեհարան դիմակավորված ծառայողների ներխուժումը, հոգևորականներին քաշքշելը Հայոց Եկեղեցու, մեր նվիրական արժեքների, մեր դարավոր սրբավայրերի պղծում է:

Իշխանությունը հրահրել է խիստ վտանգավոր գործընթացներ, որոնք քայքայում են մեր պետականության հիմքերը, մեր ինքնության հենասյուները:

Իր իշխանությունը պահելու մոլուցքով տարված` Նիկոլ Փաշինյանն անձամբ իրեն է ծառայեցնում իրավապահ համակարգը, քանդում է իրավունքն ու ժողովրդավարությունը` վերածելով երկիրը բռնապետության: Լարվածության մեջ է պահում երկիրը, մարդկանց թշնամացնում է իրար հետ, լկտի բառապաշարով է խոսում Հայոց Եկեղեցու և նվիրական մեր մյուս արժեքների մասին:

Տեղի ունեցողը նվեր է ադրբեջանական իշխանության զավթողական ծրագրերի համար»,-գրել է Թաթոյանը։

Առավոտյան մոտ 30 դիմակավորված անձ ներխուժել էր Շիրակի թեմի առաջնորդարան։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, սակայն, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում էր, որտեղ Քահանայից ժողով էր նախատեսված։ ԱԱԾ-ն մտել էր Մայր աթոռի տարածք՝ ձերբակալելու Աջապահյանին։ Սրբազանը հայտարարել էր, որ պատրաստվում է գնալ իրավապահների հետ, բայց տեղի ունեցած հրմշտոցից հետո նա կաթողիկոսի հետ գնաց Վեհարան։

Աջապահյանի նկատմամբքրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։

 Ուշագրավ
---