Մայր Աթոռ․ Միքայել Սրբազանը, թեև պատշաճ կարգով չի ծանուցվել, կներկայանա Քննչական կոմիտե

Մայր Աթոռ․ Միքայել Սրբազանը, թեև պատշաճ կարգով չի ծանուցվել, կներկայանա Քննչական կոմիտե

PanARMENIAN.Net - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական հարթակը հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է, որ արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանը, որն այս պահին գտնվում է Վեհարանում, կգնա Քննչական կոմիտե, թեև պատշաճ կարգով չի ծանուցվել։

Նշվում է, որ իրավապահների պահվածքը, ուժի կիրառումը քաղաքացիների հանդեպ դատապարտելի է և անընդունելի:

«Հունիսի 27-ի առավոտյան ՀՀ իրավապահ մարմինների ուժեր, մուտք գործելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Վեհարանի տարածք, փորձել են ձերբակալել Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ով Մայր Աթոռ էր ժամանել քահանայից տարեկան ժողովի առիթով իբրև հավաքի համակարգող։

Չնայած այն հանգամանքին, որ Միքայել Սրբազանը պատրաստակամություն էր հայտնել մեկնել Քննչական կոմիտե և փորձում էր իրավապահ մարմնի ներկայացուցիչների հետ նստել մեքենա, քաղաքացիները և ներկա հոգևորականները բողոքի ձայն բարձրացրեցին՝ տեսնելով դիմակավորված ԱԱԾ և ոստիկանության ծառայողների մեծ հոսքը:

Համայն հայության հոգևոր կենտրոնում իրավապահների կողմից դրսևորված պահվածքը, ուժի կիրառումը քաղաքացիների հանդեպ դատապարտելի է և անընդունելի։

Միքայել Սրբազանը, հակառակ որ պատշաճ կարգով չի ծանուցվել, կայացրել է որոշում և չխուսափելով ներկայացված պահանջից կմեկնի Երևան` ներկայանալու Քննչական կոմիտե։ Մայր Աթոռը հորդորում է ժողովրդին չտրվել սադրանքների, պահպանել զգոնությունը և շարունակել իրենց սատարումը օրինական բոլոր միջոցներով»,- ասված է հայտարարությունում։

Առավոտյան մոտ 30 դիմակավորված անձ ներխուժել էր Շիրակի թեմի առաջնորդարան։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, սակայն, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում էր, որտեղ Քահանայից ժողով էր նախատեսված։ ԱԱԾ-ն մտել էր Մայր աթոռի տարածք՝ ձերբակալելու Աջապահյանին։ Սրբազանը հայտարարել էր, որ պատրաստվում է գնալ իրավապահների հետ, բայց տեղի ունեցած հրմշտոցից հետո նա կաթողիկոսի հետ գնաց Վեհարան։

Աջապահյանի նկատմամբքրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---