27 հունիսի 2025 - 18:04 AMT
Ալեքսանյանը գրել է, որ Միքայել Սրբազանը կկալանավորվի, հետո՝ խմբագրել գրածը

ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը պնդել է, որ Միքայել սրբազանը կկալանավորվի, թեև նա դեռ ձերբակալված չէ, դատարանն էլ կալանքի միջնորդությունը դեռ չի քննել, հայտնում է Panorama.am-ը։

ՔՊ-ականն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Ողջունելի է սառնասրտությունն ու խոհեմությունը, որ դրսևորեցին իրավապահները՝ թույլ չտալով տեռորիստների աջակիցներին իրակացնել Մայր Աթոռում բախում հրահրելու իրենց փափագը։

Զինված հեղաշրջման կոչ արած Աջապահյանը, իհարկե, կկալանավորվի, բայց բախում ու տեռոր փափագող սրիկաները իրենց ուզածին չեն հասնի»։

Հնչած քննադատություններից, կալանվորման վերաբերյալ քաղաքական որոշման վերաբերյալ կարծիքներից հետո նա ստիպված է եղել խմբագրել գրածը՝ «կկալանավորվին» փոխարինելով «կձերբակալվի»-ով։

Առավոտյան մոտ 30 դիմակավորված անձ ներխուժել էր Շիրակի թեմի առաջնորդարան։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, սակայն, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում էր, որտեղ Քահանայից ժողով էր նախատեսված։ ԱԱԾ-ն մտել էր Մայր աթոռի տարածք՝ ձերբակալելու Աջապահյանին։ Սրբազանը հայտարարել էր, որ պատրաստվում է գնալ իրավապահների հետ, բայց տեղի ունեցած հրմշտոցից հետո նա կաթողիկոսի հետ գնաց Վեհարան։

Աջապահյանի նկատմամբքրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։