Սաղաթելյան. Մակրոնի հայտարարությունը խրախուսում է ՀՀ–ում ձևավորվող ավտորիտար համակարգը

Սաղաթելյան. Մակրոնի հայտարարությունը խրախուսում է ՀՀ–ում ձևավորվող ավտորիտար համակարգը

PanARMENIAN.Net - ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունը «խրախուսում է Հայաստանում ձևավորվող ավտորիտար համակարգը»։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, անդրադառնալով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցին, նշել է, որ Ֆրանսիայի համերաշխությունն է հայտնել «հայկական ժողովրդավարությունն ապակայունացնելու փորձերի դեմ պայքարում»։ Այդ մասին ասվում է X-ի միկրոբլոգում։

«Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը, ցավոք, խրախուսում է Հայաստանում ձևավորվող ավտորիտար համակարգը։

Հարգելի նախագահ Էմանուել Մակրոն, Ձեր «աջակցությունը» Նիկոլ Փաշինյանին փաստացի նպաստում է ոչ թե ժողովրդավարության, այլ բռնապետության կայացմանը Հայաստանում և տարածաշրջանում նոր բռնապետի ի հայտ գալուն։

Վերջին տարիներին, երբ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները և Դուք խրախուսել եք Հայաստանի իշխանություններին, այսպես կոչված, «խիզախ քայլերի» համար, դա մեր ազգի համար ավարտվել է աղետով։

Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումը և հայաթափումը դրա ողբերգական վկայությունն է։

Միաջազգային հարաբերություններում այսպիսի հայտարարությունները, ընդհանրապես, դիտվում են որպես ուղիղ միջամտություն երկրների ներքին գործերին։

Հայաստանում քաղաքական ուժերը պայքարում են իրենց ինքնության, ժողովրդի իրավունքների, նաև իրական ժողովրդավարության համար:

Կարիք չկա հարվածել հայ֊ֆրանսիական բարեկամությանն ու ժողովրդավարության անվան տակ լեգիտիմացնել բռնապետության հաստատումը Հայաստանում»,–ասվում է գրառման մեջ։

Հունիսի 25–ի առավոտյան իրավապահ մարմինները սկսել են խուզարկություններ «Սրբազան պայքար» շարժման կողմնակիցների հասցեներում: Քննչական կոմիտեն հայտարարել է, որ «Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները «պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել աhաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ»։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը 2 ամսով կալանավորվել է։ Կալանավորվել է ևս 14 անձ։

Հունիսի 27–ի առավոտյան մոտ 30 դիմակավորված անձ ներխուժել էր Շիրակի թեմի առաջնորդարան։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, սակայն, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում էր, որտեղ Քահանայից ժողով էր նախատեսված։ ԱԱԾ-ն մտել էր Մայր աթոռի տարածք՝ ձերբակալելու Աջապահյանին։ Սրբազանը հայտարարել էր, որ պատրաստվում է գնալ իրավապահների հետ, բայց տեղի ունեցած հրմշտոցից հետո նա կաթողիկոսի հետ գնաց Վեհարան։ Ավելի ուշ նա ներկայացավ ՔԿ և դատարանի որոշմամբ կալանավորվեց 2 ամսով։ Աջապահյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։

 Ուշագրավ
---