ԶԼՄ․ Միքայել և Բագրատ սրբազաններն ԱԱԾ մեկուսարանի նույն խցում են

ԶԼՄ․ Միքայել և Բագրատ սրբազաններն ԱԱԾ մեկուսարանի նույն խցում են

PanARMENIAN.Net - Միքայել սրբազանն ու Բագրատ սրբազանը պահվում են ԱԱԾ մեկուսարանի միևնույն խցում, հայտնում է Yerkir.am-ը՝ հավաստի աղբյուրի վրա հղումով։

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին հունիսի 28–ին տեղափոխել են ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ, կամ ինչպես ընդունված է ասել՝ ԱԱԾ մեկուսարան, որտեղ մարդկանց պահում են առավել խիստ մեկուսացման պայմաններում։

Նշվում է, որ Միքայել սրբազանին երկու ամսով կալանավորելու որոշման միջնորդությունը բավարարել էր Արամ Զավենի Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության անդամ, դատավոր Մասիս Մելքոնյանը, ով օրեր առաջ կալանքի էր տարել նաև Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին, ով նույնպես գտնվում է ԱԱԾ մեկուսարանում։

Եկեղեցական բարձրաստիճան հոգևորականներն իրենց վերագրվող մեղադրանքը չեն ընդունում։

Հունիսի 25–ի առավոտյան իրավապահ մարմինները սկսել են խուզարկություններ «Սրբազան պայքար» շարժման կողմնակիցների հասցեներում: Քննչական կոմիտեն հայտարարել է, որ «Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները «պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել աhաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ»։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը 2 ամսով կալանավորվել է։ Կալանավորվել է ևս 14 անձ։

Հունիսի 27–ի առավոտյան մոտ 30 դիմակավորված անձ ներխուժել էր Շիրակի թեմի առաջնորդարան։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, սակայն, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում էր, որտեղ Քահանայից ժողով էր նախատեսված։ ԱԱԾ-ն մտել էր Մայր աթոռի տարածք՝ ձերբակալելու Աջապահյանին։ Սրբազանը հայտարարել էր, որ պատրաստվում է գնալ իրավապահների հետ, բայց տեղի ունեցած հրմշտոցից հետո նա կաթողիկոսի հետ գնաց Վեհարան։ Ավելի ուշ նա ներկայացավ ՔԿ և դատարանի որոշմամբ կալանավորվեց 2 ամսով։ Աջապահյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---