ՀԲԸՄ-ն Հայաստանի իշխանություններին և եկեղեցուն երկխոսության կոչ է անում![]() 30 հունիսի 2025 - 13:28 AMT PanARMENIAN.Net - Հայկական բարեգործական ընդհանուր միությունը` ՀԲԸՄ-ն Հայաստանի իշխանություններին և եկեղեցուն երկխոսության կոչ է արել` հոգևոր առաջնորդների դեմ հարձակումների և քրեական գործերի ֆոնին։ Իր հայտարարության մեջ ՀԲԸՄ–ն նշել է, որ հայ ժողովուրդը խորը ճգնաժամ է ապրում, և վերջին իրադարձությունները ցնցել են Հայաստանի և սփյուռքի հասարակությանը։ «Կարևոր է ընդգծել, որ չպետք է խախտվեն Հայաստանի Սահմանադրությունը և դրա ժողովրդավարական գործընթացները, ինչպես նաև ազգային եկեղեցու հստակ կառավարումը, կապը ամբողջ աշխարհում իր հետևորդների հետ։ Կառավարության հիմնական իրավունքներն ու պարտականություններն են ժողովրդավարական գործընթացի շրջանակներում հարգել առանձին անձանց խոսքի ազատության իրավունքը և ապահովել օրենքների կիրարկումը», - ասվում է հայտարարության մեջ, հայտնում է Sputnik Արմենիան։ Միության հայտարարության մեջ շեշտվել է, որ եկեղեցին ևս ունի որոշակի պարտականություններ և իրավունքներ․ այն պետք է շարունակի իր հոգևոր առաքելությունն ու նպաստի հայ ազգի հեղինակության ամրապնդմանը։ Հայոց Սահմանադրությունն ու «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքը հստակ տարանջատում են պետության և Հայ առաքելական եկեղեցու դերերն ու գործառույթները։ «Որևէ հաստատության կամ դրա ղեկավարության նկատմամբ կառուցողական քննադատությունը (կամ անհամաձայնությունը) ողջամիտ է, հակասահմանադրական միջամտությունը և ապակառուցողական հռետորաբանությունը՝ ոչ։ Ինչպես ներկայիս կառավարությունը աշխատում է ապահովել Հայաստանի և նրա քաղաքացիների խաղաղությունն ու բարգավաճումը, այնպես էլ Հայ առաքելական եկեղեցին մեր հավատքի և ազգային ինքնության հիմքն է», - նշված է ՀԲԸՄ հայտարարության մեջ։ Հայտարարության վերջում ընդգծվել է՝ Հայ առաքելական եկեղեցին արդեն ավելի քան 1700 տարի ծառայել է որպես առաջնորդող հաստատություն՝ դիմագրավելով տարբեր կայսրություններ, բռնապետություններ, և մնացել է կենսական նշանակություն ունեցող հենարան, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության ժամանակ։ «Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել, խուսափել անհամաձայնություններից և վերահաստատել իրենց հանձնառությունը փոխադարձ հարգանքի և ընդհանուր ազգային շահերի վրա հիմնված երկխոսությանը», - ասված է հայտարարության մեջ։ Փաշինյանը մայիսի 29-ին կառավարական նիստում քննադատել է եկեղեցիների վիճակը՝ հայտարարելով, թե դրանք «չուլանացված և աղբով լի» են։ Հունիսի 2-ին նա հավելել է, որ եթե պարզվի, թե Գարեգին Բ-ն խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, ապա նա չի կարող շարունակել կաթողիկոս linel։ Փաշինյանը գրեթե ամեն օր հրապարակումներ է անում սոցցանցերում՝ պահանջելով, որ կաթողիկոսը հրաժարվի իր պաշտոնից։ Ի պատասխան՝ Գարեգին Երկրորդը հունիսի 22-ին հայտարարել է, որ ՀՀ իշխանությունների նախաձեռնած հակաեկեղեցական արշավը լուրջ սպառնալիք է ազգային միասնությանը, երկրի կայունությանը և ուղղակի հարված՝ հայկական պետականությանը։ Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը կալանավորվել է «Սրբազան պայքար» շարժման ղեկավար Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ «հեղաշրջման գործով»։ Հուլիսի 28-ին կալանավորվել է նաև Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։ Նրա դեմ հարուցվել է քրեական գործ՝ իշխանության զավթման, տարածքային ամբողջականության խախտման, ինքնիշխանությունից հրաժարվելու կամ սահմանադրական կարգի տապալման հրապարակային կոչերի հոդվածներով։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |