Միրզոյան․ Ավելի լավ է՝ Լավրովը չխառնվի ՀՀ ներքին գործերին ու ներքին քաղաքականությանը

Միրզոյան․ Ավելի լավ է՝ Լավրովը չխառնվի ՀՀ ներքին գործերին ու ներքին քաղաքականությանը

PanARMENIAN.Net - Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն, արձագանքելով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտնած մտահոգությանը «եկեղեցու վրա հարձակումների առնչությամբ», ասել է, որ ավելի կլինի Լավրովը չխառնվի ՀՀ ներքին գործերին ու ներքին քաղաքականությանը:

«Հպանցիկ հասցրեցի ծանոթանալ իմ սիրելի գործընկեր Սերգեյ Լավրովի այդ մեկնաբանությանը։ Ուզում եմ ասել, որ պարոն Լավրովի տեղեկատվությունը ճիշտ չէ և ամբողջական չէ։ Եթե չեմ սխալվում՝ պարոն Լավրովն օգտագործել է «իշխանությունների պայքար եկեղեցու դեմ» ձևակերպումը։ Լավրովի տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,–ասել է նա, հայտնում է Radar.an-ը։

Միրզոյանն ասել է, որ ՀՀ-ում չկա իշխանության պայքար եկեղեցու դեմ։

«Այն, ինչ նկատի ունի պարոն Լավրովը, հավանաբար վերաբերում է եկեղեցական մի քանի գործիչների կողմից ՀՀ քաղաքականությանը խառնվելու, քաղաքական գործընթացներին մասնակցելու և, համաձայն արդեն մեր իրավապահ մարմինների, ոչ իրավական ձևով մասնակցություն ունենալու ցանկությանը, այն է՝ ապօրինի հեղաշրջման փորձերին մասնակցելու կամ նախաձեռնելու երևույթը։ Սա իրավական պրոցես է, և սա ՀՀ ներքին գործն է։

Ավելի լավ է՝ պարոն Լավրովը չխառնվի ՀՀ ներքին գործերին ու ներքին քաղաքականությանը»,–ասել է նա։

Միրզոյանը նույն կոչն է արել Լավրովի խորհրդարանական գործընկերներին, մեդիա գործընկերներին։

«ՌԴ պաշտոնյաները, խորհրդարանականները և մեդիա փորձագետները պետք է մեծ հարգանքով վերաբերվեն ՀՀ ինքնիշխանությանը և այլևս երբեք իրենց թույլ չտան խառնվեն մեր ներքին գործերին»,– ասել է Միրզոյանը։

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ՀԱԵ շուրջ «կոնֆլիկտը պետք է կարգավորվի» և որ ՌԴ–ն շահագրգռված է, որ եկեղեցին «չենթարկվի անհիմն հարձակումների»։

 Ուշագրավ
---