Թաթոյան․ Երկրում հաստատվել է կուսակցապետություն և անձիշխանություն

Թաթոյան․ Երկրում հաստատվել է կուսակցապետություն և անձիշխանություն

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը ֆեսյբուքյան իր էջում գրել է, որ «ոչնչացվում են իրավական պետության հիմքերը, չեն գործում զսպումներն ու հակակշիռները` ժողովրդավարական պետության մեխանիզմները»:

Նա հավելել է, որ «երկրում հաստատվել է կուսակցապետություն և անձիշխանություն»։

«Կրթվելը նորաձև է» արշավի շրջանակում «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի հարցին վարչապետի պատասխանն ապացուցում է, որ իրավապահ մարմիններին հրահանգները տալիս է հենց ինքը Կառավարության ղեկավարը:

Նրա պատկերացմամբ` քանի որ իրավապահ ինչ-որ մարմնի ղեկավար նշանակվում է վարչապետի կամ Կառավարության որոշմամբ կամ ԱԺ-ում ՔՊ խմբակցության ձայներով, ուրեմն ինքն այդ մարմինների փաստացի ղեկավարն է և տիրապետում է նրանց լիազորությունները:

Նրա խոսքից ակնհայտ է, որ ինքն իրեն պատկերացնում է օպերլիազորի կամ քրեական հետախուզության բաժնի ղեկավարի դերում, որը պետք է պլանավորի հանցանքի կանխում, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և այլն: Այդ տվյալները գաղտնիք են, և նա չունի դրանց ծանոթանալու իրավունք: Դա օրենքով արգելված է:

Իրավապահ մարմինների համար պատահական չէ սահմանված ապաքաղաքական լինելու պահանջ, մինչդեռ վարչապետը ՔՊ կուսակցության ղեկավարն է:

Այսինքն ի՞նչ է ստացվում. վարչապետը, յուրացնելով իրավապահ մարմինների լիազորությունները կամ միջամտելով այդ լիազորություններին, տիրապետում է օրենքով իրենից պաշտպանված տեղեկությունների և դրանք, ըստ նպատակահարմարության, օգտագործում իր քաղաքական նպատակների համար ընդդեմ իր ընդդիմախոսների:

Ընդ որում, խնդիրն այն է, որ նա իրավապահ մարմինների միջոցով իրեն ոչ հասանելի տվյալների է ապօրինաբար ծանոթանում՝ գաղտնի շրջանցելով այդ տվյալների պաշտպանության մեխանիզմները (դատարան և այլն): Անձը, ում կյանքի վերաբերյալ վարչապետն անձնական տվյալների է ծանոթանում, չունի պաշտպանվելու հնարավորություն և նույնիսկ չի էլ իմանում այն մասին, որ իր անձնական կյանքը դառնում է ապօրինի քննարկման առարկա:

Սա հստակ ապացուցվում է, օրինակ, Հովիկ Աղազարյանի գործով, երբ նրա հեռախոսը քննչական մարմինը փոխանցել էր անվտանգության մարմիններին ու դրանից էլ վարչապետին հասանելի էր դարձել հեռախոսի բովանդակությունը, որն էլ օգտագործվեց ամբողջ ՔՊ-ի կողմից քաղաքական նպատակների համար:

Նույն կերպ, նա չունի իրավապահ մարմինների միջոցով հոգևորականների անձնական կյանքի վերաբերյալ տվյալներ հավաքագրելու իրավասություն:

Ընդ որում, Ամենայն Հայոց Կաթողիկոսը կամ որևէ այլ հոգևորական հանրային իշխանության բարձրաստիճան պաշտոն չի զբաղեցնում, հետևաբար հակապես գործադիր իշխանության ղեկավարի անօրինական միջամտություններից են պաշտպանված:

Միաժամանակ, բոլորը պետք է նկատի ունենան, որ «անձնական կյանք» հասկացությունը շատ լայն է (կենցաղ, ընկերներ, գործնական կապեր և այլն) և չի նշանակում միայն ընտանեկան կյանք:

Եկեղեցականների դեպքում դա յուրահատուկ պաշտպանություն ունի հաշվի առնելով նրանց հոգևոր ծառայության առանձնահատկությունները: Այսինքն, վարչապետը չի կարող որոշել հոգևորականի անձնական կյանքի սահմանները. այդ ինքն է, որ ունի անձնական կյանքի նեղ պաշտպանություն:

Այս ամենը հաշվի առնելով եմ ասում, կազմաքանդվում է պետությունը, քանի որ այս կերպ ոչնչացվում են իրավական պետության հիմքերը, չեն գործում զսպումներն ու հակակշիռները` ժողովրդավարական պետության մեխանիզմները:

Ստացվում է` բոլոր, այդ թվում` Կառավարությունից անկախ մարմինները ծառայում են մեկ անձի, ով զբաղեցնում է գործադիր իշխանության ղեկավարի և միահեծան իշխող ՔՊ կուսակցության ղեկավարի պաշտոն, որը միաժամանակ ամենը ծառայեցնում է քաղաքական ու անձնական շահերին:

Այլ կերպ ասած, երկրում հաստատված է կուսակցապետություն և անձիշխանություն»,–ասվում է գրառման մեջ։

 Ուշագրավ
---