Կալաս․ ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում

Կալաս․ ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում

PanARMENIAN.Net - Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը Երևանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը բարձր է գնահատել ՀՀ Կառավարության հանձնառությունը ժողովրդավարական բարեփոխումներին՝ դրանք համարելով կենսական նշանակություն ունեցող ոչ միայն երկրի ներսում, այլև որպես արտաքին գործընկերության հենք։

Նա շեշտել է, որ այդ արժեքները պետք է պաշտպանվեն՝ հատկապես հիբրիդային սպառնալիքների, ապատեղեկատվության և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում։ Կայա Կալասն ընդգծել է, որ ԵՄ-ն պատրաստ է կանգնել Հայաստանի կողքին՝ աջակցելով երկրի դիմադրողականության բարձրացմանը։

Փաշինյանն իր երախտագիտությունն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանի նկատմամբ ցուցաբերվող մշտական աջակցության համար և վերահաստատել է ՀՀ կառավարության հանձնառությունը՝ ժողովրդավարությունն ու խաղաղությունը որպես առաջնային ուղենիշներ առաջ մղելու գործում։

ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան ընդգծել է՝ ներկայում Հայաստանը և Եվրոպական միությունը երբևէ այսքան մոտ չեն եղել իրար։ Նրա պնդմամբ՝ Եվրամիությունն ամբողջությամբ պատրաստակամ է խորացնել փոխգործակցությունը բոլոր ուղղություններով։

Կայա Կալասը կարևորել է 2024 թվականի ապրիլի 5-ին Բրյուսելում ստորագրված Հայաստան-ԵՄ-ԱՄՆ եռակողմ հայտարարությունը՝ այն որակելով որպես Հայաստանի ու արևմտյան գործընկերների միջև ռազմավարական համագործակցության ամրապնդման նշանակալի հանգրվան։ Նրա խոսքով՝ այդ փաստաթուղթը հիմք է հանդիսացել քաղաքական երկխոսության նոր մակարդակի համար։

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են նաև վիզաների ազատականացման գործընթացին վերաբերող հարցեր՝ նշելով, որ վերջին շրջանում այդ ուղղությամբ արձանագրվել է շոշափելի առաջընթաց։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային իրադրության և խաղաղության հաստատման գործընթացի շուրջ։ ԵՄ բարձր ներկայացուցիչը նշել է, որ Բրյուսելում գոհունակությամբ են արձանագրել Հայաստան-Ադրբեջան բանակցային ձևաչափում արձանագրված դրական շարժը, որն, իր համոզմամբ, կարող է հիմք դառնալ կայունության ու խաղաղության հաստատման համար տարածաշրջանում։

ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասն ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել էր, որ Եվրոպական միության համար կարևոր է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման շուրջ գործընթացն ամփոփվի հնարավորինս արագ, և կողմերի միջև ձեռք բերված համաձայնագիրը ստորագրվի որքան հնարավոր է շուտ։

 Ուշագրավ
---