«Դալմա մոլ» առևտրի կենտրոնի ճակատային հատվածից այսօր ապամոնտաժվել են «Ազատություն Սամվել Կարապետյանին» գրությամբ պաստառները, նաև նրա լուսանկարով պաստառը։
Առևտրի կենտրոնը պատկանում է երկու ամսով կալանավորված գործարար Սամվել Կարապետյանին։
Ավելի վաղ գործարարի նկարով պաստառներն ապամոնտաժվել էին «Տաշիր» առևտրի կենտրոնի ճակատից, ինչպես նաև Հյուսիսային պողոտայի «Տաշիր սթրիթի» հատվածից։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետ Արմեն Առաքելյանը հայտնել էր, որ գովազդային վահանակն ինքնակամ է տեղադրված, այդ պատճառով էլ ապամոնտաժվում է համայնքի կողմից` առանց տնտեսվարողին տեղյակ պահելու, հայտնում է Sputnik Արմենիան։
Փաստաբան Վարդան Ալոյանն ասել է, որ ապամոնտաժման հիմքում դրված է «Գովազդի մասին» ՀՀ օրենքը, սակայն նրա համոզմամբ՝ տեղադրված վահանակը գովազդ չէր, այլ իրազեկման ցուցապաստառ։
Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը կալանավորվել է երկու ամսով և տեղափոխվել «Արմավիր» ՔԿՀ` ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալnւն ուղղված հրապարակային կոչի համար։
Դրանից մի քանի ժամ առաջ Կարապետյանը հանդես էր եկել Հայ Առաքելական եկեղեցուն աջակցող հայտարարությամբ․«Ես մեր եկեղեցու, մեր ժողովրդի կողքին եմ: Ինչքան էլ փորձեն սևացնել, ոչ մի էլեկտրական ցանց... թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց էլցանցի վրա էլ: Ամեն ինչ լավ է լինելու, ժողովուրդը մեկ է իր խոսքն ասելու է, իրենք հասկանալու են, որ սխալվեցին»։
Ի պատասխան Փաշինյանը գրել էր․ «Պոռնկաբարո «հոգևորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչո՞ւ են ակտիվացել։ Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ»: Ավելի ուշ նա հավելել է, որ ՀԷՑ–ը պետք է պետականացվի և շատ արագ։