Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն է ներկայացվել

Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն է ներկայացվել

PanARMENIAN.Net - Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի իրավապաշտպանների խումբը ՀՀ գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազին միջնորդություն են ներկայացրել՝ պահանջելով դադարեցնել քրեական հետապնդումը սրբազանի դեմ։

Պաշտպանների տեղեկացմամբ՝ «միջնորդության մեջ ներկայացվել են մասնավորապես հետևյալ փաստարկները՝ Սրբազանին մեղսագրված արարքը չի պարունակում հանցակազմի հատկանիշներ, ուստի քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման»։

Նրանք շեշտել են, որ դեռևս 2008 թվականին ՀՀ սահմանադրական դատարանը իր որոշմամբ բացատրել է, թե ինչ է ներառում «պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն ուղղված հրապարակային կոչ» հասկացությունը։ Մասնավորապես, սահմանվել է, որ պետք է առկա լինի նպատակը՝ տիրանալ պետաիշխանական գործառույթներին՝ Սահմանադրությամբ չնախատեսված ձևով, և այդ նպատակի համար դիմել կամ հրավիրել այլ անձանց մասնակցության։

Ըստ պաշտպանների, իրավական մեկնաբանությունների համաձայն՝ իշխանության քննադատությունը, հրաժարականի պահանջը, հանրահավաքի կամ երթի կոչերը չեն կարող դիտվել որպես բռնության կոչեր, քանի դեռ չկան ուղղակի հրավերներ բռնության կիրառման համար՝ ուղղված լայն լսարանին։ Ավելին, նրանք ընդգծել են, որ սրբազանի արտահայտություններն առնչվում են անցյալի՝ կոնկրետ զրուցակիցների հետ ունեցած զրույցների հիշատակմանը, այլ ոչ թե այդ պահին տարածված և լայն շրջանակի ուղղված կոչերի։

Մասնավորապես ներկայացվել է «Գալա Թի-վի» հեռուստաընկերությանը տրված և 2024 թվականի փետրվարի 3-ին հրապարակված հարցազրույցը, որտեղ Միքայել սրբազանն ասել է՝ «Հիմա էտ ա, ինձ վերապահված հարգանքը սրա է նման, հիմի ո՞վ է լսում ինձ, եթե ինձ լսող լիներ հեղափոխությունը պետք է վաղուց լիներ»։ Հետագայում նա հավելել է. «Իշխանություն փոխելու ընդամենը ես երեք ճանապարհ գիտեմ, դուք եթե չորրորդը գիտեք ասեք։ Էս ա՝ ընտրություն, իբր թե, կամ, կամ իբր թե ընտրություն, կամ ընտրություն, երկրորդը՝ հեղաշրջում, երրորդը՝ ժողովրդական ապստամբություն։ Ուրիշ կա՞, կա՞ ուրիշ, չկա։ Է երեքն էլ անհնարին է, երեքն էլ անհնարին է սուբյեկտիվորեն, օբյեկտիվորեն հնարավոր է»։ Ինչպես նաև՝ «Ուրեմն իմ էս վերջին վեց տարվա, միայն վեց տարվա, էն ժամանակ, վեց տարվա գործունեությունից պարզ չի՞, ես ինչ եմ ասում, քանի անգամ ասի բացեիբաց՝ ռազմական հեղաշրջում ա պետք, պատերազմի օրերին ասի և նախագահներին ասեցի՝ Քոչարյանին և Սերժին...»։

Այս հատվածներում պաշտպաններն ընդգծել են, որ խոսքը վերաբերում է կոնկրետ անձանց՝ ոչ հրապարակային զրույցների վերարտադրությանը, և դրանք որևէ կերպ չեն համապատասխանում բռնության կոչերի սահմանադրական չափորոշիչներին։ Ըստ այդմ, առկա չէ հրապարակային, ընկալելի և գործողությունների դրդող ուղերձ՝ ուղղված մարդկանց լայն շրջանակին։

Պաշտպաններն արձանագրել են նաև, որ վերոնշյալ հարցազրույցներում սրբազանը որևէ հրավեր կամ առաջարկ չի արել անորոշ շրջանակի անձանց՝ բռնի գործողություններ կազմակերպելու համար։ Նրանք շեշտել են, որ «ռազմական հեղաշրջում ա պետք» արտահայտությունը ոչ միայն չի պարունակում ուղղակի հրավեր կամ կազմակերպչական առաջարկ, այլև նշվում է կոնկրետ զրուցակիցների հիշատակմամբ՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի։ Ըստ պաշտպանների, սրբազանը վերհիշել է այդ զրույցները հարցազրույցի ընթացքում՝ առանց որևէ ուղերձ հղելու լայն լսարանին։

Դատախազության կողմից նշվել է, որ քրեական հետապնդման հիմք է հանդիսացել սրբազանի՝ 2025 թվականի հունիսի 21-ի հարցազրույցում վերահաստատած արտահայտությունները, սակայն պաշտպաններն ընդգծել են, որ այդ հարցազրույցում սրբազանը իրականում պարզաբանել է նախորդ խոսքի էությունը։ «Ես կոչ եմ արել հեղաշրջման, դա զավթելու կոչ չի, ես հեղաշրջման, ես ուժային կառույցներին ասել եմ, որ փրկեք էս երկիրը, էս խելագարից փրկեք, է չեն փրկում, իրենք էլ նույնքան մեղավոր են էս ամեն ինչի մեջ»։ Այս մեջբերման վերլուծությամբ պաշտպանները փաստել են, որ խոսքն ուղղված չէ անորոշ շրջանակի, այլ մասնավոր զրույցների վերարտադրության մասին է։

Սրբազանի հարցազրույցները, ըստ պաշտպանական կողմի, միտված են եղել իրավիճակի վերաբերյալ անհանգստությունների արտահայտմանը և մտահոգության բարձրաձայնմանը։ «Ես իշխանության զավթման կոչ չեմ արել, ես ասել եմ, որ անհրաժեշտ է դա անել։ Դա կոչ չի, դա անհրաժեշտ է անել»։ Այս ձևակերպումը, ըստ պաշտպանների, պատկանում է կարծիք արտահայտելու տիրույթին և չի ենթադրում ուղիղ դիմում կամ հրավեր որևէ գործողության։

Նրանք նշել են, որ սրբազանի քննադատական խոսքը փաստում է միայն քաղաքական գործընթացների հանդեպ հիասթափությունը և չի պարունակում որևէ գործնական հրավեր կամ կազմակերպչական ազդակ։ «Հիմա էլ է անհրաժեշտ, շատ ուշացած է, բայց էլի անհրաժեշտ է անել, էսքան բան, բայց եթե ուժայինները պարզապես տուն են պահում հա, և ոչ թե էս երկրի մասին ես մտածում, ոչ թե էս Հանրապետության մասին են մտածում, ոչ թե էս ժողովրդի մասին են մտածում, տուն են պահում, թող շարունակել տուն պահել…»։

Պաշտպանները պնդել են, որ այս խոսքերը չեն բխում բռնության կոչերի սահմանադրական սահմանումներից, քանի որ չկան անձանց դրդելու ուղիղ կամ անուղղակի ազդակներ՝ բռնի գործողությունների կամ հեղաշրջման կազմակերպման նպատակով։ Ըստ նրանց՝ եթե որևէ հանցակազմ լիներ, այն պետք է դրսևորված լիներ հրապարակային, բացահայտ ու կոնկրետ խմբին ուղղված արտահայտություններով։

Հղում անելով 2024 թվականի ապրիլի 30-ին Դանիել Իոանիսյանին ուղղված գրությանը՝ պաշտպանները հիշեցրել են, որ ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչ Հայկ Հովհաննիսյանը դեռևս այն ժամանակ արձանագրել է՝ սրբազանի խոսքերը, որոնցում նա նշել է՝ «Ռազմական հեղաշրջում պետք է արվի, թե չէ Հայաստանը կդառնա Էրմենիստան», չեն պարունակել իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր, և այդ հանգամանքով քրեական վարույթ չի նախաձեռնվել։

Այս համատեքստում, ըստ պաշտպանների, բացահայտվում է կրկնակի դատապարտման անթույլատրելիության սկզբունքի խախտում։ Նրանք ընդգծել են, որ նույն փաստական հիմքով արդեն մեկ անգամ տրվել է իրավական գնահատական, և երբ արարքը արդեն ճանաչվել է որպես ոչ քրեական բնույթի, ապա նույն բովանդակության կրկնությունը չի կարող հիմք դառնալ քրեական հետապնդման համար։

Նրանք վկայակոչել են Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումները, որոնցում նշվում է, որ կրկնակի հետապնդումը նույն արարքի փաստական հիմքով արգելված է՝ անկախ իրավական որակումից։ Ըստ պաշտպանների, սրբազանի 2024 և 2025 թվականների հարցազրույցները ըստ էության կրկնում են 2023 թվականի հարցազրույցի բովանդակությունը՝ նույն մտքերի, մտահոգությունների և տեսակետի վերարտադրությամբ։

Վերջում, պաշտպանները հայտարարել են, որ՝ «պաշտպանական կողմը հայտնել է, որ առկա են բոլոր հիմքերը քրեական հետապնդումն անհապաղ դադարեցնելու համար»:

Հունիսի 27–ի առավոտյան մոտ 30 դիմակավորված անձ ներխուժել էր Շիրակի թեմի առաջնորդարան։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, սակայն, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում էր, որտեղ Քահանայից ժողով էր նախատեսված։ ԱԱԾ-ն մտել էր Մայր աթոռի տարածք՝ ձերբակալելու Աջապահյանին։ Սրբազանը հայտարարել էր, որ պատրաստվում է գնալ իրավապահների հետ, բայց տեղի ունեցած հրմշտոցից հետո նա կաթողիկոսի հետ գնաց Վեհարան։ Ավելի ուշ նա ներկայացավ ՔԿ և դատարանի որոշմամբ կալանավորվեց 2 ամսով։

Աջապահյանի նկատմամբքրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---