Middle East Eye-ը գրել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախատեսում են հուլիսի վերջին հանդիպել Դուբայում՝ կողմերի բանակցությունները շարունակելու նպատակով:
Նրանք վերջին անգամ հանդիպել են մայիսին Ալբանիայում՝ Եվրոպական քաղաքականության համայնքի գագաթնաժողովի շրջանակներում, որտեղ պայմանավորվել էին շարունակել շփումները։
Պարբերականը գրում է, որ չնայած Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ համաձայնության են եկել մարտին, Բաքուն լրացուցիչ պայմաններ է առաջ քաշում մինչ համաձայնագիրը պաշտոնապես ստորագրելը:
«Ադրբեջանը պահանջում է, որ Երևանը փոխի իր սահմանադրությունը՝ հանելով Ադրբեջանի տարածքի մասին հիշատակումները, դադարեցնի ԵՄ‑ի դիտորդական առաքելության (EUMA) գործունեությունը Հայաստանում և լուծարվի ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը, ըստ Բաքվի, 30 տարվա ընթացքում կողմնակալություն է դրսևորել:
Middle East Eye-ի աղբյուրների համաձայն՝ Դուբայում նախատեսված հանդիպումը դրական ազդակ կլինի և ցույց կտա, որ երկու կողմերն էլ պատրաստ են երկխոսության՝ հակառակ ընթացիկ տարաձայնություններին:
Նշվում է, որ հայկական կողմի հնարավորությունները սահմանափակ են՝ սահմանադրական հանրաքվե անցկացնելու հարցում:
Ըստ հրապարակման՝ Թուրքիան հորդորում է Բաքվին ստորագրել խաղաղության համաձայնագիրը՝ նշելով Իրանի ազդեցության նվազման կարևորության մասին:
Նշվում է նաև, որ թուրք պաշտոնյաները դիտարկում են Հայաստանը որպես առանցքային երկիր մեծ «Միջին միջանցքի» համար, որը կկապի Թուրքիան Կենտրոնական Ասիայի հետ։
Աղբյուրը հավելել է, որ ԱՄԷ–ն նպատակ ունի հյուրընկալել բանակցությունները՝ երկու կովկասյան երկրների միջև հարաբերությունները բարելավելու նպատակով։
Հունիսի 25-ին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել ԱՄԷ ԱԳ նախարար Շեյխ Աբդուլլահ բին Զայեդ Ալ Նայհյանի հետ:
«Նախարար Միրզոյանն ու Շեյխ Աբդուլլահ բին Զայեդ Ալ Նայխանովը քննարկել են խնդիրները, որոնք ուղղված են Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում խաղաղության ապահովմանը»,- նշվում է Հայաստանի ԱԳՆ-ի հաղորդագրությունում։