3 հուլիսի 2025 - 12:02 AMT
ՆԳՆ․ Ճամփորդությունից առաջ ստուգեք անձնագրի վավերականության ժամկետը

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը քաղաքացիներին հորդորել է ճամփորդությունից առաջ առաջին հերթին ուշադրություն դարձնել իրենց ճանապարհորդական փաստաթղթերին։

«Հորդորում ենք ծանոթանալ այն երկրի սահմանահատման կարգավորումներին, ուր պատրաստվում եք մեկնել։

Մասնավորապես, ճշտե՛ք անձնագրի վավերականության ժամկետին առաջադրվող պահանջը։ Այն տարբեր է՝ կախված ուղղությունից, երբեմն՝ քաղաքացիությունից։

Բազմաթիվ հայտնի զբոսաշրջային ուղղություններով գործում է անձնագրի վավերականության 6-ամսյա կանոնը․ անձնագիրը պետք է վավեր լինի ևս վեց ամիս՝ հաշված ճամփորդության վերադարձի ամսաթվից։ Նման պահանջ ունեն, օրինակ Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Չինաստանը, Հնդկաստանը և մի շարք այլ երկրներ։

Այսինքն, եթե օրինակ, Դուք մեկնելու եք հանգստանալու օգոստոսի 21-31-ը, ապա Ձեր անձնագրի վավերականության ժամկետը պետք է լրանա ավելի ուշ, քան 2026 թ–ի փետրվարի 28–ը։

Կան երկրներ, որոնք պահանջում են անձնագրի ժամկետի եռամսյա վավերականություն՝ հաշվված ճամփորդության վերադարձի օրվանից, ինչպես՝ Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան և այլն։

Այս կարգավորումները ևս կարող են ժամանակ առ ժամանակ փոփոխության ենթարկվել, հետևաբար անհրաժեշտ է մշտապես ճշտել թարմացված և գործող կարգավորումը»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ անձնագրի վավերականության հետ կապված խնդիրը օդանավակայանում հայտնաբերելիս, այն լուծել հնարավոր չէ, քանի որ անձնագրի թողարկման մեկօրյա ծառայությունը մատուցվում է դիմումին հաջոդող աշխատանքային օրը։

«Նման իրավիճակներում Դուք ստիպված կլինեք չեղարկել կամ հետաձգել ճամփորդությունը»,- ասված է հաղորդագրությունում։