Carnegie Politika․ ԱՄՆ-ն ՀՀ-ով անցնող հաղորդակցության հսկողության իր ծրագիրն է առաջարկել՝ ամերիկյան բիզնեսի մասնակցությամբ![]() 3 հուլիսի 2025 - 13:44 AMT PanARMENIAN.Net - Հարավային Կովկասի անվտանգության ու հակամարտությունների փորձագետ Օլեսյա Վարդանյանը Carnegie Politika կայքում հրապարակված հոդվածում գրել է, որ Հայաստանն ինտենսիվացնում է դիվանագիտական կապերը Թուրքիայի հետ՝ հույս ունենալով, որ հարաբերությունների բարելավումը կարող է հանգեցնել կա՛մ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի կնքմանը, կա՛մ առնվազն օգնել կանխել լարված սահմանների երկայնքով ռազմական նոր բռնկումը, հայտնում է Factor.am-ը։ Ըստհոդվածի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն վերջերս իրականցրել է «պատմական այց Ստամբուլ», որը համարվում է առաջին պաշտոնական այցը Թուրքիայի տարածք՝ հայ ղեկավարի կողմից։ Նրան ընդունել են Դոլմաբահչեի պալատում, որն իր ժամանակին խորհրդանշել է Օսմանյան կայսրության իշխանությունը, իսկ այժմ ծառայում է որպես տարածաշրջանային դիվանագիտության կենտրոն։ Հեղինակի ձևակերպմամբ՝ ՀՀ ղեկավարը, կարծես, պատրաստ է «ընդունել Թուրքիայի աճող դերը տարածաշրջանում»։ Ըստ հեղինակի՝ այս տեղաշարժը նշանավորում է կարևոր շրջադարձ։ Հայաստանն ու Թուրքիան չունեն պաշտոնական դիվանագիտական կապեր և վաղուց ի վեր անվստահություն են տածում միմյանց նկատմամբ։ Նախկինում մերձեցման ջանքերը ձախողվել են՝ 1990-ականներից ի վեր Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով, որում Հայաստանը դեմ էր Թուրքիայի ցանկացած դերակատարմանը։ 2020 թվականի պատերազմում Թուրքիան վճռականորեն աջակցեց Ադրբեջանին՝ թե՛ քաղաքական, թե՛ ռազմական առումով՝ օգնելով ապահովել Բաքվի հաղթանակը և զսպելով Ռուսաստանի միջամտությունը։ «Անկարայի հետ հետադարձ կապ չունենալով՝ Փաշինյանը դիտում էր, թե ինչպես են թուրքական անօդաչուները թռչում հայկական մայրաքաղաքի մոտ։ Թուրքիային մի կողմ թողնելու որոշումը հակառակ ազդեցությունն է ունեցել՝ Անկարային ուղղակիորեն մղելով Բաքվի ճամբար, խոստովանել են հայ բարձրաստիճան պաշտոնյաները»,- գրել է հոդվածագիրը։ Նշվում է, որ պատերազմից հետո Երևանը վերակազմավորվել է։ «Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն ընդգրկվել է արտաքին քաղաքականության առաջնային ուղղությունների մեջ։ Հատուկ ներկայացուցիչները սկսել են պարբերաբար հանդիպել։ 2023 թվականի երկրաշարժի ժամանակ Հայաստանն արագ արձագանքել է՝ օգնություն ուղարկելով Թուրքիա։ Նույն տարում կայացել է Փաշինյանի հանդիպումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, ինչը վկայել է հարաբերությունների որոշակի ջերմացման մասին։ Փաշինյանը նաև մի շարք խորհրդանշական քայլեր է արել՝ Էրդողանի հետ հեռախոսազրույցից կարճ ժամանակ անց ճանաչելով Պաղեստինի պետությունը, ինչպես նաև համաձայնություն ցուցաբերելով Անկարայի դիրքորոշման հետ Գազայի շուրջ Իսրայել-Թուրքիա լարվածության ֆոնին։ Այս ամենը նաև մշակութային շրջադարձ է ստացել։ Փաշինյանը կոչ է արել հայերին դուրս գալ «պատմական Հայաստանի» գաղափարից, որը ներառում է այժմ Թուրքիայի տարածքում գտնվող հողերը, այդ թվում՝ Արարատ լեռը, որը վաղուց ազգային խորհրդանիշ է։ Դրա փոխարեն նա Արագած լեռը, որը Հայաստանի ներսում քնած հրաբուխ է, ներկայացնում է որպես նոր ազգային խորհրդանիշ և շեշտը դնում է հաշտեցման վրա՝ վիրավորանքի փոխարեն։ Եվ չնայած այս քայլերին՝ կարգավորման ճանապարհը մնում է խնդրահարույց»,- գրել է փորձագետը։ Նա հավելել է, որ երեք տարի առաջ հատուկ դեսպանները համաձայնել էին բացել սահմանը և սկսել ուղիղ առևտուր, իսկ նախարարները քննարկել են մշակութային համագործակցությունը, սակայն, մինչ օրս սահմանը շարունակում է մնալ փակ։ Ըստ նրա՝ խնդրի խորքում ընկած է այն հանգամանքը, որ Թուրքիան պահանջում է, որպեսզի նախ Հայաստանը ավարտին հասցնի Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը։ Բաքուն և Երևանը համաձայնեցրել են համաձայնագրի նախագիծ, սակայն Ադրբեջանի պահանջն է, որ Հայաստանը վերանայի իր Սահմանադրությունը՝ հանելով դրանում առկա հղումները 1990 թվականի Անկախության հռչակագրին, որն ընդգծում է Լեռնային Ղարաբաղի հանդեպ պահանջները։ «Մինչդեռ Թուրքիան երկարատև խաղ է խաղում։ Պաշտոնյաները բաց սահմաններն ու առևտուրը համարում են Հայաստանի տնտեսական կախվածությունը խորացնելու և Անկարայի տարածաշրջանային ազդեցությունը մեծացնելու միջոց։ Սակայն հավատարմությունը հստակ է՝ Ադրբեջանն է առաջին տեղում։ Խորհրդանշական կերպով Էրդողանը հյուրընկալել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Փաշինյանի այցից ընդամենը մեկ օր առաջ։ Այնուամենայնիվ, թե՛ Անկարան, թե՛ Երևանը, կարծես, մտադիր են պահպանել երկխոսությունը՝ թեկուզ միայն վատագույնը կանխելու համար։ Հայ-ադրբեջանական սահմանը մնում է անկայուն, որոշ ռազմական դիրքեր ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա են միմյանցից։ Ադրբեջանը պահպանում է կարևոր բարձրունքներ, դիրքեր և ունի ակնհայտ ռազմական գերազանցություն։ Վերլուծաբանները զգուշացնում են, որ նոր հարձակումը կարող է մի քանի օրվա ընթացքում Հայաստանը բաժանել երկու մասի»,- գրում է Վարդանյանը: Ըստ նրա, երբ լարվածությունը սրվել է, Անկարան, ըստ որոշ տեղեկությունների, պատվիրակություններ է ուղարկել Բաքու՝ կոչ անելով զսպվածություն ցուցաբերել։ Որոշ արևմտյան դիվանագետներ Անկարայի ջանքերը դիտարկում են որպես տարածաշրջանում կայունացնող ուժ դառնալու ավելի լայն ջանքերի մի մաս։ «Պարադոքսալ է, բայց Թուրքիան այժմ կարող է լինել միակ տարածաշրջանային խաղացողը, որը կարող է զսպել Ադրբեջանին։ Ռուսաստանի ազդեցությունը նվազել է Ուկրաինայի պատերազմի պատճառով, իսկ Իրանը շեղված է Իսրայելի և Միացյալ Նահանգների հետ իր ճգնաժամի ուղղությամբ։ Հայաստանի համար Թուրքիան, որը մի ժամանակ համարվում էր միայն սպառնալիք, ավելի ու ավելի է դիտվում որպես տարածաշրջանային զսպման վերջին գիծ։ Այս զարգացումները կարող են նաև այլ շոշափելի օգուտներ բերել»,–ասվում է հոդվածում։ Նշվում է, որ խաղաղության հնարավոր համաձայնագրի առանցքային բաղադրիչներից մեկն է հաղորդակցության ապագա ցանցը՝ Հարավային Կովկասի տարածքով։ «Այսպես կոչված «Միջին միջանցքը»՝ Ասիան Եվրոպային կապող նախագծի տեսլականում, ենթադրում է երթուղի, որը կարող է անցնել Հայաստանի տարածքով՝ միացնելով Թուրքիան, Ադրբեջանը և Կենտրոնական Ասիան։ Հայաստանի համար այս նախագծին մասնակցելը կարող է նպաստել առկա մեկուսացման հաղթահարմանը։ 1990-ականներից ի վեր Թուրքիայի և Ադրբեջանի հետ փակ սահմանները զրկել են երկիրը տարանցիկ ուղիներից ու էներգետիկ հանգույցների հասանելիությունից։ 2020 թվականի պատերազմից հետո Հայաստանը նախաձեռնել է «Խաղաղության խաչմերուկ» անունով նախաձեռնություն՝ այդ կապերի վերականգնման նպատակով»,–գրել է հեղինակը։ Հոդվածում ասվում է, որ Ադրբեջանը ձգտում է սկսել երթուղու հարավային ճյուղից, որը նա անվանում է «Զանգեզուրի միջանցք» և որը նախատեսում է անցնել Հայաստանով դեպի Նախիջևան։ «Թեև Ռուսաստանի միջնորդությամբ 2020 թվականի հրադադարի համաձայնությամբ նախատեսվել էր ռուսական վերահսկողության համակարգ, այժմ Հայաստանը պնդում է, որ երթուղու ցանկացած հատված՝ ներառյալ մաքսային և անվտանգային վերահսկողությունը, պետք է ամբողջությամբ լինի իր իրավազորության տակ։ Բաքուն, սակայն, վստահություն չի ցուցաբերում և հրաժարվում է ներդրումներ կատարել մի երթուղու վրա, որը նրա պատկերացմամբ խոցելի է Երևանի քաղաքական անորոշության նկատմամբ։ Հետևաբար, Ադրբեջանը պահանջում է երրորդ կողմի ներկայություն՝ որպես երաշխավոր երկարաժամկետ կայունության ապահովման համար։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Թուրքիան համակարծիք է այս պահանջին, թեև Հայաստանը դեռ հույս ունի, որ Անկարան ի վերջո կընդունի երթուղու հանդեպ իր ինքնիշխան իրավունքը։ Աամենամոտը կողմերը եղել են ԵՄ-ի միջնորդությամբ ընթացող քննարկումների ժամանակ։ Բրյուսելն առաջարկել է կիրառել Վրաստան-Ռուսաստան 2008 թվականի պատերազմից հետո Աբխազիայով և Հարավային Օսիայով անցնող ճանապարհների վերահսկման միջազգային մոդելը։ Չնայած հայ-ադրբեջանական հակամարտությունը տարբեր է իր բնույթով, այդ մոդելն արդյունավետ է համարվել։ Սակայն բանակցությունները Եվրոպայի մասնակցությամբ ընդհատվել են սահմանային բախումների և 2023 թվականին Լեռնային Ղարաբաղում ստեղծված ճգնաժամի հետևանքով, որի արդյունքում վերացել է այդ տարածքի գոյությունը որպես էթնիկ հայկական կառույց։ «Այսօր բանակցությունները վերսկսելու ունակ միակ խաղացողը կարող է լինել Միացյալ Նահանգները: Հաղորդվում է, որ Թրամփի վարչակազմը, ցանկանալով ցուցադրել գլոբալ հակամարտությունների կարգավորման իր ջանքերը, ներկայացրել է ԵՄ մոդելի նման նոր ծրագիր, որը հիմնված է ամերիկյան ռազմավարական տրամաբանության վրա. ԱՄՆ բիզնեսի մասնակցությունը՝ որպես կայունացնող ուժ, նման Ուկրաինայում հազվագյուտ մետաղների վերաբերյալ վերջերս կնքված գործարքին»,- ասվում է հրապարակման մեջ։ Ըստ փորձագետի՝ Վաշինգտոնը, կարծես, վճռականորեն տրամադրված է առաջ շարժվելու։ Մեկ տարբերակ է՝ ճնշում գործադրել Բաքվի վրա՝ հրաժարվելու իր սահմանադրական պահանջներից, գուցե, Ալիևին Սպիտակ տուն հրավիրելով։ Սակայն իրատեսորեն, նա կարող է հենվել Երևանի վրա՝ ընդունելու ամերիկյան մոդելը, նույնիսկ եթե դա հետաձգի վերջնական խաղաղությունը և պաշտոնապես փակ թողնի սահմանները։ Թեև դեռ վաղ է, ԱՄՆ մի պաշտոնյա զգուշավոր լավատեսություն է հայտնել։ «Գուցե նախագահ Դոնալդ Թրամփը նույնիսկ Խաղաղության Նոբելյան մրցանակ ստանա դրա համար»,- ասել է նա։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |