Կառավարությունը հաստատել է ՀՀ մանկապատանեկան մարզադպրոցներում աշխատող մարզիչ-մանկավարժների վերապատրաստման կազմակերպման ծրագիրը, որի նպատակն է պետական հոգածության ներքո ապահովել այդ մասնագետների պրակտիկ փորձի շարունակականությունը:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասել է, որ մարզադպրոցներում աշխատող մարզիչների կամավոր ատեստացիայի արդյունքները ցույց են տվել վերապատրաստման ընթացակարգի վերանայման հրատապ անհրաժեշտություն։ Նա հայտնել է, որ վերջին երկու տարվա ընթացքում կամավոր ատեստացիայի է մասնակցել 272 մարզիչ, և միայն 55-ն է կարողացել հաղթահարել գործընթացը՝ կազմելով ոլորտի աշխատողների մոտ 5 տոկոսը։
Ծրագիրը հնարավորություն կտա ապահովել միջազգային սպորտի չափանիշներին համընթաց զարգացում, ինչը խթան կհանդիսանա միջազգային նորարարական համակարգերին արագ ինտեգրվելուն։
Դասընթացների ընթացքում հնարավորություն կտրվի տեսական և գործնական մակարդակներում յուրացնել նոր մեթոդներ և կարողություններ՝ նպատակ ունենալով մարզումների անցկացումն իրականացնել այդ մեթոդներով մշակված և կազմված պլաններով։
Վերապատրաստումները միտված են նաև մարզաձևերի խթանմանն ու զարգացմանը։ Վերապատրաստման ծրագիրը իրականացվելու է տարբեր մարզաձևերի միջազգային ֆեդերացիաների կողմից մշակված ուսուցման համընդհանուր չափորոշիչներին և ծրագրերին համապատասխան կազմված տեսական և գործնական դասընթացներով: Դասընթացները վարելու են արտերկրից հրավիրված համապատասխան մարզաձևերի բարձրակարգ մասնագետները:
Անդրեասյանը նշել է՝ վերապատրաստումն իրականացվելու է 3 օր տևողությամբ՝ ինչպես տեսական, այնպես էլ գործնական պարապմունքներով, խոսքը վերաբերում է, ընդհանուր առմամբ, մարզադպրոցներում աշխատող 2100 մարզչի: