Զուրաբյան․ Շուտով կտեսնեք հավաքական լիդերությամբ միավոր

Զուրաբյան․ Շուտով կտեսնեք հավաքական լիդերությամբ միավոր

PanARMENIAN.Net - ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը «Հարցեր կան» հաղորդման շրջանակում ասել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր գործողություններով նպաստում է ընդդիմադիր ուժերի միաբանմանը և հավելել, որ շուտով կտեսնենք հավաքական լիդերությամբ միավոր:

Նա վստահեցրել է, որ քաղաքական գիտակցության մեջ արմատավորվել է մոլորեցնող պատկերացում, ըստ որի ամեն ինչ կախված է մեկ խարիզմատիկ առաջնորդից. այդ մոտեցման փոխարեն առաջ է քաշվում նոր կառուցվածք՝ հիմնված հավաքական առաջնորդության վրա, հայտնում է Aysor.am-ը։

Նա հավելել է, որ եթե ընտրենք անպայման ինչ-որ մի լիդերի շուրջը համախմբվելու գաղափարը, ապա դա ձախողելու ամենակարճ ճանապարհն է դառնալու։

«Շարժումը պետք է ղեկավարի կոլեկտիվ առաջնորդը, իսկ թե հետագայում ով կստանձնի, օրինակ, վարչապետի դերը, ցույց կտա կյանքը, պայքարը։ Այս ձեռնարկումը նշանակելու է նոր իրավիճակ, երբ, օրինակ, տասնմեկ մարդ, վայելելով հանրության վստահությունը, կղեկավարի շարժումը։

Ամեն օր այդ մարդիկ կկայացնեն ստրատեգիական որոշումներ, պետք է կազմակերպեն բազմահազարանոց հանրահավաքներ, բանակցեն։ Այդ ընթացքում բնականորեն առաջ կգան լիդերներ։ Շարժման հավաքական առաջնորդության կազմի հարցում մենք արդեն բանակցություններ ենք վարում, բոլորս միասին մեր առջև վերջնաժամկետներ ենք դրել»,–ասել է նա։

Զուրաբյանն ընդգծել է, որ նոր կառույցը գործելու է սահմանադրական քաղաքական պայքարի շրջանակում և նպատակ է ունենալու իր վրա վերցնել երկրի կառավարման պատասխանատվությունը՝ որպես ամբողջական համակարգ։

«Սահմանադրությամբ երաշխավորված քաղաքական պայքարի բոլոր ձևորը կիրառվելու են, երկրի կառավարումը ստանձնելու է լիովին կայացած համակարգ, մարդիկ պետք է տեսնեն ձևավորված այլընտրանքը»,–ասել է նա։

 Ուշագրավ
---