4 հուլիսի 2025 - 11:19 AMT
Խաղատների գովազդը սահմանային անցակետերում և հյուրանոցներում կարգելվի

Հուլիսի 3–ին Ազգային ժողովը երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Գովազդի մասին» օրենքում կատարված փոփոխությունները, որոնք վերաբերում են խաղային բիզնեսի գովազդի սահմանափակումներին: Օրինագծի նախաձեռնողը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանն էր:

Նախկինում խաղատների և առցանց խաղերի հարթակների գովազդն արտոնված է եղել միայն սահմանափակ վայրերում՝ այդ թվում՝ խաղային հաստատություններում, ցամաքային և օդային սահմանային անցակետերում, ինչպես նաև չորսաստղանի և բարձր կարգի հյուրանոցներում, հայտնում է Sputnik Արմենիան։

Ըստ նոր ընդունված կարգավորումների՝ գովազդը թույլատրվելու է բացառապես խաղային կազմակերպությունների գրասենյակային շենքերի ճակատային հատվածներում և այդ շենքերի ներսում։

Ղահրամանյանն ընդգծել է, որ նույնիսկ այս սահմանափակ տեսքով գովազդի առկայությունը վնասում է երկրի հեղինակությանը՝ հատկապես ազդեցիկ միջազգային հյուրերի տեսանկյունից։

Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն պաշտոնական հրապարակումից հետո տասը օր անց։