Քոչարյան․ Ուզում են վախ սերմանել, ընդդիմությանը վարկաբեկել

Քոչարյան․ Ուզում են վախ սերմանել, ընդդիմությանը վարկաբեկել

PanARMENIAN.Net - «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը, արձագանքելով պատգամավորներ Սեյրան Օհանյանի, Արծվիկ Մինասյանի և Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, ասել է, որ «ուզում են վախ սերմանել, ընդդիմությանը վարկաբեկել»։

Նա նշել է, որ իշխանությունների բերած միջնորդությունները ոչ մի վստահություն չեն ներշնչում, բացարձակ աբսուրդ է այդ ամենը, հայտնում է Aysor.am-ը։

Լրագրողներից մեկը Քոչարյանից հետաքրքրվել է, թե արդյոք չի ենթադրում, որ հետագայում նույն գործընթացն իր նկատմամբ էլ կարող է կիրառվել։

«Գիտեք, այս աբսուրդի ժանրում ամեն ինչ էլ հնարավոր է։ Իրավական առումով մառազմ կլիներ ինձ ներքաշելն այդ գործընթացի մեջ (ահաբեկչության նախապատրաստում)։ Իրենց խնդիրն աղմուկ ստեղծելն է, ինչ-որ ձայնագրություններ են այստեղից-այնտեղից կտրում, իրենց հարմար մասերը դնում։ Ուզում են վախ սերմանել, ընդդիմությանը վարկաբեկել»,–ասել է նա։

Հունիսի 25–ի առավոտյան իրավապահ մարմինները սկսել են խուզարկություններ «Սրբազան պայքար» շարժման կողմնակիցների հասցեներում: Քննչական կոմիտեն հայտարարել է, որ «Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները «պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել աhաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ»։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը 2 ամսով կալանավորվել է։ Կալանավորվել է ևս 14 անձ։

 Ուշագրավ
---