Կարապետյանի փաստաբանները՝ ՔՊ–ականների դեմ հայցերի մասին․ Նպատակը զրպարտությունը բացառելն է

Կարապետյանի փաստաբանները՝ ՔՊ–ականների դեմ հայցերի մասին․ Նպատակը զրպարտությունը բացառելն է

PanARMENIAN.Net - Երկու ամսով կալանավորված գործարար և բարերար Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է, որ հայցադիմումներ է ներկայացնում և ներկայացնելու դատարան՝ Կարապետյանի «խախտված իրավունքների վերականգնման համար»:

Նշվում է, որ «նպատակը զրպարտությունը բացառելն է»։

«Տեղեկացնում ենք, որ Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմը սեփական նախաձեռնությամբ հայցադիմումներ է ներկայացնում և ներկայացնելու դատարան՝ Սամվել Կարապետյանի գործարար բարի համբավի, ինչպես նաև արատավորող հրապարակային խոսքի և հրապարակումների վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կարգով խախտված իրավունքների վերականգնման համար:

Սա փաստաբանական թիմի նախաձեռնությունն է, որի նպատակը քաղաքական և հասարակական դիսկուրսում վիրավորանքները և զրպարտությունը բացառելն է, ինչից կշահեն բոլորը, և, առաջին հերթին, հասարակությունը»,–ասվում է հայտարարության մեջ։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Կարապետյանը հայց է ներկայացրել ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Հայկ Կոնջորյանի և Արսեն Թորոսյանի դեմ՝ պահանջելով հերքել իր հասցեին արված զրպարտչական ու վիրավորական բնույթի հայտարարությունները և յուրաքանչյուրից պահանջել փոխհատուցում՝ 9 միլիոն դրամի չափով։ Հայցադիմումները ներկայացվել են Երևանի քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան։

 Ուշագրավ
---