Վարդևանյան. Կարապետյանի նկատմամբ իրավական աբսուրդի սկիզբը տվել է գլխավոր դատախազը, ինչն աննախադեպ է

Վարդևանյան. Կարապետյանի նկատմամբ իրավական աբսուրդի սկիզբը տվել է գլխավոր դատախազը, ինչն աննախադեպ է

PanARMENIAN.Net - Փաստաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով գործարար Սամվել Կարապետյանի հանդեպ հարուցված քրեական գործին, նշել է, որ «Կարապետյանի նկատմամբ իրավական աբսուրդի սկիզբը հենց տրվել է գլխավոր դատախազի կողմից, ինչն աննախադեպ է»։

«Քիչ առաջ ինձ փոխանցեցին, որ Գլխավոր դատախազ, տիկին Վարդապետյանն անդրադարձ է կատարել Սամվել Կարապետյանի՝ ակնհայտ ապօրինի հետապնդման վերաբերյալ իր կողմից հաղորդում տալու հանգամանքին: Քանի որ նշված հանգամանքը հրապարակել եմ ես, հետևաբար, պատասխան-ակնարկը վերագրում եմ ինձ: Չնայած ես տիկին Գլխավոր դատախազի կողմից առավելապես հաստատումը այլ ոչ թե հերքումը լսեցի իմ կողմից ներկայացված պնդման, բայց եկեք ևս մեկ անգամ արձանագրենք.

  1. Դատարանին քննիչի կողմից ներկայացված կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությամբ ուղիղ արձանագրվել է, բառացի մեջբերում. «ՀՀ գլխավոր դատախազի՝ 2025 թվականի հունիսի 17-ի առերևույթ հանցանքի մասին պատշաճ հաղորդումը»,
  2. Դատարանի կողմից հիմնավոր կասկածն իբրև հիմնավորող դատողություններում, բառացի մեջբերում. «մասնավորապես՝ ՀՀ գլխավոր դատախազի՝ 2025 թվականի հունիսի 17-ի առերևույթ հանցանքի մասին հաղորդմամբ»:

Այստեղ նկատելի է, որ Քննիչը հատուկ ընդգծում է, որ Գլխավոր դատախազը «պատշաճ» հաղորդում է ներկայացրել, իսկ Դատարանը որոշել է այդ եզրույթը չօգտագործել:

Հետևաբար, եկեք ևս մեկ անգամ ֆիքսենք՝ Սամվել Կարապետյանի նկատմամբ իրավական աբսուրդի սկիզբը հենց տրվել է Գլխավոր դատախազի կողմից, ինչն՝ աննախադեպ է, ինքը՝ քաղաքական հետապնդման հերթական տվյալներից մեկն է, ինչն անհերքելի է:

Ի դեպ՝ միջին ծանրության հանցանքի ենթադրյալ դեպքով, նախկինում երբևէ չարատավորված Սամվել Կարապետյանին հենց կալանավորելու վերաբերյալ, դրանով իրավունքի գերակայությունը հերթական անգամ ստորացնելու վերաբերյալ, ավաղ, ոչինչ չասվեց»,- նշել է նա:

Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը կալանավորվել է երկու ամսով և տեղափոխվել «Արմավիր» ՔԿՀ` ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալnւն ուղղված հրապարակային կոչի համար։

Դրանից մի քանի ժամ առաջ Կարապետյանը հանդես էր եկել Հայ Առաքելական եկեղեցուն աջակցող հայտարարությամբ․«Ես մեր եկեղեցու, մեր ժողովրդի կողքին եմ: Ինչքան էլ փորձեն սևացնել, ոչ մի էլեկտրական ցանց... թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց էլցանցի վրա էլ: Ամեն ինչ լավ է լինելու, ժողովուրդը մեկ է իր խոսքն ասելու է, իրենք հասկանալու են, որ սխալվեցին»։

Ի պատասխան Փաշինյանը գրել էր․ «Պոռնկաբարո «հոգևորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչո՞ւ են ակտիվացել։ Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ»: Ավելի ուշ նա հավելել է, որ ՀԷՑ–ը պետք է պետականացվի և շատ արագ։

 Ուշագրավ
---