Վանեցյան․ Փաշինյանն ԱԱԾ–ն դիտարկում է որպես իր իշխանության պահպանման միակ երաշխավոր

Վանեցյան․ Փաշինյանն ԱԱԾ–ն դիտարկում է որպես իր իշխանության պահպանման միակ երաշխավոր

PanARMENIAN.Net - «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը հայտարարել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ–ն դիտարկում է որպես իր իշխանության պահպանման միակ երաշխավոր, հայտնում է Sputnik Արմենիան։

«Իշխանությունն ունի «զրո» վարկանիշ։ Իշխանությունը պահելու միակ հենքը իրավապահ համակարգն է։ Որ վայրկյանին իրավապահ համակարգը իշխանության տակից հանես, 5 րոպե հետո այս իշխանությունն այլևս չի լինի»,– ասել է Վանեցյանը։

Նա ընդգծել է, որ ԱԱԾ ղեկավարների հաճախակի փոփոխությունը պայմանավորված է վարչապետի ունեցած վախերով և անվստահությամբ։

Նա հիշեցրել է, որ վերջին 7 տարում ԱԱԾ-ն փոխել է 6 տնօրեն, վերջին փոփոխությունն իրականացվել է հունիսի 28-ին, երբ վարչապետի որոշմամբ տնօրենի պաշտոնում նշանակվել է Անդրանիկ Սիմոնյանը՝ նախկին փոխտնօրենը։

Սիմոնյանը փոխարինել է Արմեն Աբազյանին, որը ազատվել է պաշտոնից հունիսի 18-ին։ Ըստ ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերի՝ Աբազյանի պաշտոնաթողությունը կապվում է գործարար Սամվել Կարապետյանի ձերբակալության հետ։ Տարածված տեղեկատվության համաձայն՝ Աբազյանը չի կատարել Փաշինյանի հրահանգը՝ կազմակերպել ցուցադրական գործողություն Կարապետյանի տան բակում, ինչը դարձել է վերջինիս պաշտոնանկության պատճառը։

Անդրադառնալով նորանշանակ տնօրենի կենսագրությանը՝ Վանեցյանը նշել է, որ ԱԱԾ համակարգը ավանդաբար «դրսից» կադր չի ընդունում։ Չնայած Սիմոնյանը մի որոշ ժամանակ զբաղեցրել է փոխտնօրենի պաշտոն, նրա նախնական մասնագիտական փորձառությունը չի եղել անվտանգության մարմիններում։

«ԱԱԾ այսօրվա տնօրենը ԱԱԾ–ում երբևիցե չի ծառայել, նշանակվել է անմիջապես տնօրենի տեղակալ, ընդ որում օրենքի խախտմամբ։ Դրա մասին մամուլում եղել են հրապարակումներ։ Սիմոնյանը ԱԱԾ տնօրենի տեղակալ է նշանակվել ունենալով կապիտանի զինվորական կոչում։ ԱԱԾ մասին օրենքում հստակ գրված է, որ ԱԱԾ տնօրենի տեղակալ կարող է նշանակվել գնդապետի կոչումից ոչ ցածր կոչում ունեցող անձը։ Բացի այդ ԱԱԾ մարմիններում վերջին 3 տարում նա պետք է զբաղեցներ գլխավոր, կամ վերջին 5 տարում` բարձրագույն պաշտոն, ինչը Սիմոնյանի դեպքում չի եղել», – նշել է Վանեցյանը։

Վանեցյանն անդրադարձել է նաև մամուլում շրջանառվող պնդումներին՝ իշխանությունների ներկայացուցիչների՝ օտարերկրյա կառույցների հետ հնարավոր կապի մասին։ Նա նշել է, որ իր պաշտոնավարման ժամանակ նման տվյալներ չեն եղել։

«Եթե նման բացահայտումներ լինեին, նրանք կլինեին դատապարտված։ Բայց այս իշխանությունների կատարած քայլերը մեզ կարող են հիմք տալ ենթադրելու, որ նրանք, այո, ինչու չէ, ուղղորդվում են օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից։ Բայց փաստ, որին ես տիրապետում եմ, կամ տիրապետել եմ իմ պաշտոնավարման ժամանակ, չունեմ», – ասել է Վանեցյանը։

ԱԱԾ նախկին տնօրենը նաև գնահատական է տվել Արտաքին հետախուզության ծառայության ձևավորմանը՝ կասկածի տակ դնելով դրա արդյունավետությունն ու հիմնավորվածությունը։

«Ստեղծվել է մի կառույց, որի մասին որևէ բան չգիտենք։ ՀՀ շարքային քաղաքացին, թերևս, պետք էլ չէ, որ իմանա։ Բայց ես որպես մարդ, որն ամբողջ կյանքում ծառայել է անվտանգության մարմիններում, որևէ բան չեմ տեսնում, որ մեր Հետախուզական ծառայությունը անում է։ Որևէ մեկին չնեղացնելով և որևէ մեկի գիտելիքները չգերագնահատելով եկեք մի պարզ հարց տանք ինքներս մեզ. Արտաքին հետախուզության ծառայության պետ նշանակված Քրիստինե Գրիգորյանը հետախուզության հետ ի՞նչ կապ ունի», – ասել է Վանեցյանը։

Վերջում նա ընդգծել է, որ նորաստեղծ կառույցի հիմքում դրված մոդելը ևս անհասկանալի է ոչ միայն արտաքին դիտորդների, այլև, իր համոզմամբ, հենց կառույցի ղեկավարների համար։

«Ասում են երբ հարցրել են, թե ինչ մոդել եք ձեզ մոտ դնում, ԱՀԾ պաշտոնյաներն ինչ–որ ֆիլմերից օրինակներ են բերել։ Օրինակ ուզում ենք Ջեյմս Բոնդի պես հետախուզական ծառայություն ունենալ։ Սա հա՛մ ծիծաղ է առաջացնում, հա՛մ շատ խորը մտահոգություն։ ՀՀ անվտանգային համակարգը, ցավոք, շատ վատ վիճակում է։ Իսկ անվտանգային համակարգը մի մարմին չէ և մի գործառույթ չէ, անվտանգային համակարգը իր ամբողջականության մեջ է էֆեկտիվ աշխատում, իսկ մենք այսօր ունենք խարխլված անվտանգային համակարգ», – արձանագրել է Արթուր Վանեցյանը։

 Ուշագրավ
---