ՀՀ ԱԱԾ -ին կից մեկուսարանի նույն խցում պահվող Միքայել և Բագրատ սրբազաններին հոգևորական է այցելել իրենց իսկ խնդրանքով։ Այդ տեղեկությունը հաստատել է Քրեակատարողական ծառայության մամուլի խոսնակ Նոնա Նավիկյանը, հայտնում է Sputnik Արմենիան։
«Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի նույն խցում պահվող Միքայել և Բագրատ սրբազանները դիմել են ՔԿՀ-ի ղեկավարությանը, որ թույլ տան իրենց հոգևորական այցելի՝ հաղորդություն ստանալու համար։ Դիմումը բավարարվել է, և նրանց է այցելել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ի հոգևորականը, որն ամբողջ տարվա համար ունի կալանավայրում պահվողներին այցելելու թույլտվություն»,–հայտնել են ՔԿԾ–ից։
Հուլիսի 5-ին՝ ՀՀ Սահմանադրության օրվա կապակցությամբ, Միքայել և Բագրատ սրբազանները հայտարարել են մեկօրյա հացադուլ՝ իրենց դեմ իրականացվող հակասահմանադրական գործողությունները մերժելու համար։
Հունիսի 25–ի առավոտյան իրավապահ մարմինները սկսել են խուզարկություններ «Սրբազան պայքար» շարժման կողմնակիցների հասցեներում: Քննչական կոմիտեն հայտարարել է, որ «Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները «պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել աhաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ»։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը 2 ամսով կալանավորվել է։ Կալանավորվել է ևս 14 անձ։
Հունիսի 27–ի առավոտյան մոտ 30 դիմակավորված անձ ներխուժել էր Շիրակի թեմի առաջնորդարան։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, սակայն, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում էր, որտեղ Քահանայից ժողով էր նախատեսված։ ԱԱԾ-ն մտել էր Մայր աթոռի տարածք՝ ձերբակալելու Աջապահյանին։ Սրբազանը հայտարարել էր, որ պատրաստվում է գնալ իրավապահների հետ, բայց տեղի ունեցած հրմշտոցից հետո նա կաթողիկոսի հետ գնաց Վեհարան։ Ավելի ուշ նա ներկայացավ ՔԿ և դատարանի որոշմամբ կալանավորվեց 2 ամսով։ Աջապահյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։